Վերահսկիչ պալատ-վարչապետ հայտարարությունները, միգուցե, իշխանության ներսում առկա ինչ-ինչ հոսանքների, հակասությունների արդյունք են, ու իշխանության ներսում դիրքերի ճշգրտման, բայց ոչ՝ բովանդակային բանավեճի: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հնչեցրեց «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը և ավելացրեց, որ այս «կոնտր» բանավեճը ևս մեկ ապացույցն էր, թե որքան իրավացի էր ընդդիմությունը, երբ առաջարկում էր Վերահսկիչ պալատը հանձնել ընդդիմությանը:
«Բովանդակայինի դեպքում մենք կունենայինք մի շարք լուծումներ: Առաջին՝ արտահերթ նախագահական ընտրություններ, երկրորդ՝ նոր կառավարության ձևավորում, երրորդ՝ վերահսկիչ բոլոր մարմինները, այդ թվում հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը ընդդիմության կողմից: Ըստ որում, ընդդիմությունը կարող էր այդ մարմիններում իր անդամներին նշանակել պատվիրակված, այսինքն՝ արհեստավարժներին կգործուղեին»,-նշեց Արմեն Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ երեկ կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանըանդրադարձել էր ԱԺ-ում ներկայացված և բուռն քննարկումների առիթ դարձած Վերահսկիչ պալատի 2012-ի հաշվետվությանը, որը ներկայացրել էր ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը և նշել, որ վերջինս իրավունք չունի հանդես գալ քաղաքական հայտարարություններով, և կարող է միայն ու միայն մասնագիտական գնահատականներ տալ:
Տիգրան Սարգսյանն ընդգծել էր, որ հնչել են նախարարների հաշվետվությունները, և ըստ նրա, այն, ինչ–որ տեղի ունեցավ ԱԺ-ում ոչ մի կապ չուներ այն նյութերի հետ, որոնք ներկայացրեցին կառավարության անդամները:
«Այն որ ՎՊ ղեկավարը պնդում է, թե պետական բյուջեի 70 տոկոսը կոռումպացված է, դա վերաբերում է այստեղ դահլիճում նստած յուրաքանչյուրիդ, դա կազմում է 700 մլրդ դրամ և նշանակում է, որ համատարած բոլոր ոլորտները կոռումպացված են, ինչը չի կարող համապատասխանել իրականությանը»,- ասել էր Տիգրան Սարգսյանը և բոլոր նախարարներին հանձնարարել և պահանջել, որ որևիցե մեղադրանք, որ հնչել է իրենց հասցեին, անպատասխան չմնա: «Դուք պարտավոր եք պատասխանել այդ մեղադրանքներին կամ հերքել, կամ պատրաստել նյութեր և ներկայացնել դատախազություն, կամ հրապարակային ընդունել այդ մեղադրանքները և կրել պատասխանատվություն»,- ասել էր նա:
Դրան հաջորդեց Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանիհայտարարությունը, որում նա «շնորհակալություն» էր հայտնել վարչապետի հայտարարության կապակցությամբ և ավելացրել, որ Ազգային ժողովում խոսելով գնումների և շինարարության ոլորտներում առկա խնդիրների մասին, ինքը ասել է, որ 2013 թվականի պետական բյուջեի շինարարության և գնումների ոլորտներին է առնչվում ծախսային մասի մոտ 701 մլրդ դրամը, որ շինարարության և գնումների ոլորտը համարվում է ռիսկային, ինչը ամենևին չի նշանակում 700 մլրդ դրամի մսխում:
««Համատարած թալան», «ՎՊ-ն իր հաշվետվության մեջ փորձել է օգտագործել քաղաքական տերմիններ կամ ենթատեքստ է դրել»: Հաշվետվությունը ձեր սեղանին է, խնդրում եմ ցույց տալ, թե «համատարած թալան» արտահայտությունը որտեղ է օգտագործված, և քաղաքական ի՞նչ գնահատականներ ենք մենք տվել: Չկա այդպիսի բան և ինձ թվում է, որ որոշ տերմիններ օգտագործելուց հետո ոմանք փորձ են անում դրանք ուղղել, սա արդար չէ»,- եզրափակել էր Իշխան Զաքարյանը։
Արմեն Մարտիրոսյանը շարունակեց, որ իրենց առաջարկների ընդունման դեպքում, հասարակությունն իրականության մեջ բազմաթիվ փոփոխություններ կտեսներ, այլ ոչ թե թիմի ներսում «ներիշխանական լեզվակռիվ», որը եթե անգամ իրական է, «Ժառանգության» համար «շոու» է, բայց ոչ լուծման խնդիր: Արմեն Մարտիրոսյանը որպես օրինակ բերեց Չեխիայի վարչապետի հրաժարականը:
Հիշեցնենք, որ Չեխիայի վարչապետ Պետր Նեչասը կառավարության ղեկավարի մերձավոր աշխատակիցների անվան հետ կապված կոռուպցիոն սկանդալներով պայմանավորված հրաժարական տվեց, ասելով, որ կրում է նրանց համար քաղաքական պատասխանատվություն:
Ի պատասխան հարցին, որ եթե կարծում եք, որ ընդդիմությունը պետք է լինի ՎՊ-ում, ապա ո՞վ ասաց, որ ընդդիմությունը չի գողանա, Արմեն Մարտիրոսյանն ասաց.«Ոչ ոք, իսկ ո՞վ է ասել, որ ես ասում եմ՝ ընդդիմադիրները բացառապես ազնիվ են»:
Սակայն «Ժառանգության» փոխնախագահը նշեց, որ ընդդիմության պարագայում, ի տարբերություն իշխանության, կա հակակշռի մեխանիզմ. երբ ընդդիմության ներկայացուցիչը լավ չի աշխատի, նրան գործուղած քաղաքական ուժը նրան հետ կկանչի:
«Ընդդիմությունը պետք է հնարավորություն ունենա փոփոխություն կատարելու, այսինքն՝ ինքը քաղաքական պատասխանատվություն է վերցնում այդ անձնավորության համար, իսկ այս պարագայում տեսնում ենք, որ Վերահսկիչ պալատի նախագահը ներկայացնում է թվերը ու նրան ասում են՝ «հլը մի հատ քո դղյակին նայիր»»,- ավելացրեց Արմեն Մարտիրոսյանը:
Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահական ընտրություններից հետո չընդունեց իշխանության՝ Վերահսկիչ պալատը ընդդիմությանը հանձնելու առաջարկը, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց՝ ասելով, որ «Ժառանգության» առաջնորդը նման խնդիր չուներ, քանի որ իրական ընտրություններով ընտրված նախագահ էր:
Եվ երկրորդ, Արմեն Մարտիրոսյանը ավելացրեց, որ նման «ադալժենիները» ոչ մի ձևով չեն արդարացնում այն գործընթացները, որ կան: Որովհետև, դիցուք, Վերահսկիչ պալատը հանձնվեց ընդդիմությանը, քննիչներն ու դատախազությունը միևնույն է՝ ոչինչ չեն անելու՝ վերջից համապատասխան հրահանգի բացակայության պայմաններում:



