Tert.am-ը գրում է.

Սուրբ Աթոռում, Պորտուգալիայում և Մալթայի Ինքնիշխան Ուխտում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Միքայել Մինասյանը հեղինակային հոդված է հրապարակել Կանադայի «Հորիզոն» շաբաթաթերթում: Հոդվածը վերնագրված է «Հայկականության նոր ճարտարապետություն կերտելու մասին»:

Հոդվածը ներկայացնում ենք ստորև.

«Հայկական ազգային օրակարգի առաջնային խնդիրներից մեկը շարունակում է մնալ Սփյուռքի կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ համահայկականության նոր, համարձակ ու արդյունավետ ճարտարապետության հարցը։ Հայաստան-Սփյուռք գործակցության ընկալումների ու տարվող քաղաքականության, օրակարգերի ձևավորման ու առաջմղման այն մոդելը, որն ունենք այսօր, ձևավորվել է նախորդ դարում և ոչ ամբողջությամբ է համարժեք ժամանակի պահանջներին։ Իսկ եթե անկեղծ, այն այսօր արդյունավետության տեսանելի ճգնաժամ է ապրում։

Իներցիայի թելադրանքով մենք շարունակում ենք հիմնականում անել այն, ինչ տասնամյակներ շարունակ արել ենք և՛ Հայաստանում, և՛ Սփյուռքում, մինչդեռ էապես փոխվել է աշխարհը, դրա զարգացման ռիթմը, ալգորիթմները, բացի այդ կենսական փոփոխությունների է ենթարկվել հայկական աշխարհը, միջավայրը, առաջնահերթությունները, ինչպես նաև հայկական պետականության` որպես հայության քաղաքական ամենակարևոր նախագծի պոտենցիալը, դերն ու կարիքները։

Մեզ անհրաժեշտ է համարձակ հայացք՝ հիմքում ունենալով վստահությունը սեփական ուժերի հանդեպ և ժամանակի տված հնարավորությունների ու մարտահրավերների գերճշգրիտ ընկալումը։ Մենք կարիք ունենք գիտակցելու, որ արդի ցանցային աշխարհի ռիթմը և ժամանակը կարող են մեր օգտին աշխատել, եթե կարողանանք ռեսուրսներն արդյունավետ օգտագործել։ Միայն թե չուշանանք։ Աշխարհի հայկականությանը պետք է նոր երազանք, նոր թռիչք, նոր ճարտարապետություն, ընկալումների ու գործողությունների նոր բանաձև։

Անհեռանկարային է նման մասշտաբային բեկումն ակնկալել «ներքևից». անզեն աչքով էլ տեսանելի է՝ առանձին վերցրած անգամ ամենահաջողված նախաձեռնությունները, հայեցակարգերը, գաղափարներն ու փորձերը, լինեն Հայաստանում թե Սփյուռքում, շարունակում են մնալ սոսկ հաջողության ու ներշնչանքի եզակի կղզյակներ, որոնք, ժամանակի բերած փորձություններից հնանալով ու մաշվելով` այդպես էլ չեն դառնում համազգային բանաձև, չեն գործարկում հայկականության «հարատևության շարժիչը»։ Ակնհայտ է, որ նման խիզախ ճարտարապետության նախաձեռնողի ու համակարգողի դերում պետք է հանդես գա Հայաստանի Հանրապետությունը՝ որպես համայն հայության քաղաքական խարիսխ, պետականություն, որ կոչված է բացեիբաց սպասարկելու ոչ միայն իր քաղաքացիների, այլ նաև իր հայրենակիցների շահերը՝ անկախ իրենց բնակության վայրից։

Միայն նոր, խիզախ ճարտարապետությունը հնարավորություն կտա շրջանցել միմյանցից ունեցած սպասումների ու հիասթափության պարբերական ալիքների հետևանքով չբարձրաձայնվող այն որոշակի շփոթը, որը տևական ժամանակ է թևածում է Հայաստան-Սփյուռք հարաբերություններում։ Միշտ չէ, որ մենք Հայաստանում համակարգված գիտենք, թե կոնկրետ ինչ ենք ակնկալում Սփյուռքից, բայցև հաճախ մեղադրում ենք ողջ Սփյուռքին կամ առանձին վերցրած նրա այս կամ այն հայտնի ներկայացուցչին՝ ինչ-որ մի իրավիճակում ինչ-որ մի բան չանելու, մեր հույսերը չարդարացնելու համար։ Նույնկերպ, Սփյուռքը համակարգված չգիտի, թե առաջնահերթությունների ինչ աղյուսակ ու ինչ ակնկալիքներ ունի մեր պետականությունը, և ինչ բանաձի շուրջ ու ինչպես է հնարավոր համադրել ջանքերը։ Մյուս կողմից, Սփյուռքն` իր առանձին շերտերով, ունի իր հստակ ակնկալիքները Հայաստանից, որոնց մասին միշտ չէ, որ բարձրաձայնվում է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել