Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի կինը՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը, որը մտադիր էր իր առաջնեկին տնային պայմաններում լույս աշխարհ բերել, իրականում ծննդաբերել է Լոնդոնի հիվանդանոցներից մեկում:
Այս մասին գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ 37-ամյա դքսուհուն հիվանդանոց են տեղափոխել ամուսինն ու նրա անվտանգության թիմի աշխատակիցները: Այս ամենն արվել է գերգաղտնիության պայմաններում, և անգամ թագավորական ընտանիքի անդամներն այդ մասին տեղյակ չեն եղել:
Հայտնի է, որ դքսուհին ծննդաբերել է բժիշկների տված ժամկետից յոթ օր ուշ: Նա լույս աշխարհ է բերել 3,2 կգ քաշով առողջ տղա: Ամենայն հավանականությամբ, դքսուհին ծննդաբերել է «Փորթլենդ»-ի ծննդատանը, որտեղ ծառայությունների գները սկսվում են 15 000 ֆունտ ստեռլինգից:
Հատկանշական է, որ երբ թագավորական ընտանիքի կրտսեր անդամը լույս աշխարհ է եկել, արքայազն Հարին կնոջ կողքին է եղել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սասեքսի դուքսն ու դքսուհին, ի տարբերություն արքայազն Ուիլյամի և նրա կնոջ՝ Քեյթ Միդլթոնի, պատրաստվում են իրենց երեխայի մասին հնարավորինս քիչ տեղեկություն տրամադրել լրատվամիջոցներին:
Հաղորդվում է, որ Մարքլը երեխայի հետ արդեն տուն է վերադարձել, իսկ արքայազն Հարին աշխարհի հետ կիսվել է հայր դառնալու առաջին տպավորություններով:
«Այդ փոքրիկի համար կարելի է մեռնել, երջանկությանս չափ ու սահման չկա»,- ասել է 34-ամյա արքայազնը:
Պարբերականը նկատում է, որ սա առաջին դեպքն է, երբ Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի բարձրաստիճան անդամը խառնածին երեխա է ունենում:
Սասեքսների փոքրիկը կլինի թագավորական ընտանիքի առաջին բարձրաստիճան անդամը, որը Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների քաղաքացիություն կունենա: