Yerkir.am-ը գրում է.

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարության փոխօգնական Մայքլ Քելլեհերի գլխավորած պատվիրակությանը:

Պաշտպանը տեղեկացրել է, որ հաստատությունն արդյունավետ համագործակցում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հետ, ինչպես նաև ծրագրեր է իրականացնում ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հետ (ԱՄՆ ՄԶԳ / USAID):

Մարդու իրավունքների պաշտպանը հայտնել է, որ մեծ ուշադրություն են դարձնում մարդու իրավունքների խթանման հարցերին: Արման Թաթոյանը նշել է, որ այս պահին ABA ROLI և ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համագործակցությամբ իրականացնում են կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ իրազեկում ինչպես տեսանյութերի, այնպես էլ ուղեցույցների միջոցով:

Պաշտպանն այլ հարցերի թվում անդրադարձել է նաև քրեակատարողական հիմնարկներում, հոգեբուժարաններում, երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող և այլ հաստատություններում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքին ու մեթոդներին:

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարության փոխօգնական Մայքլ Քելլեհերը շեշտել է, որ իրենց համար կարևոր է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքն ու մարդու իրավունքների պաշտպանության հարցերը:

Հանդիպման ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանը ԱՄՆ պետքարտուղարության փոխօգնականի հետ քննարկել է համագործակցության ծրագրեր: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել