Անցյալ շաբաթվա ավարտն աչքի է ընկել պաղեստինաիսրայելական հակամարտության հերթական աննախադեպ ակտիվացմամբ, որն իր մասշտաբներով գերազանցել է անգամ Իսրայելում ներքաղաքական ճգնաժամի հանգեցրած 2018թ. նոյեմբերի սրացմանը:
Մայիսի 4-6-ին Գազայի հատվածը վերահսկող «ՀԱՄԱՍ» և «Իսլամական ջիհադ» կազմակերպություններn ավելի քան 700 հրթիռ են արձակել Իսրայելի հարավային բնակավայրերի ուղղությամբ, որոնց Թել Ավիվը պատասխանել է պաղեստինյան խմբավորումներին պատկանող շուրջ 350 թիրախների խոցմամբ. ընդհանուր առմամբ զոհվել է 25 պաղեստինցի, 4 իսրայելցի:
Կողմերի միջև հրադադարի ռեժիմը վերականգնվել է մայիսի 6-ի լուսադեմին Եգիպտոսի ակտիվ ջանքերով:
Մարտի վերջին, իսրայելական ընտրություններով պայմանավորված, իրավիճակի թեժացումից հետո հերթականը՝ դարձյալ պաղեստինյան կողմի նախաձեռնմամբ, կարելի է պայմանավորել մայիսի կեսերին Իսրայել պետության ստեղծման հոբելյանի և «Եվրատեսիլ 2019»-ի միջոցառումները հնարավորինս ստվերելու նպատակներով: Երկու դեպքում էլ Գազայում վստահ էին, որ Իսրայելը չի գնա առավել լայնամասշտաբ գործողությունների՝ մի կողմից կարևոր նշանակություն ունեցող միջոցառումները չտապալելու, մյուս կողմից՝ հունիսի կեսերին նախանշված Դոնալդ Թրամփի վարչակազմի հեղինակած «Դարի գործարքի» ներկայացմանը չխոչընդոտելու նպատակներով:
Վերոնշյալի համատեքստում, այսուհանդերձ, հատկապես կապված ամերիկյան ծրագրի արդյունավետության հեռանկարի հետ, չի բացառվում, որ ընթացիկ տարվա երկրորդ կեսին Իսրայելը լայնամասշտաբ գործողության գնա Գազայում: Դրա անհրաժեշտությունը կարելի է բացատրել ինչպես վարչապետ Նեթանյահուի զիջողական քաղաքականության դեմ հասունացող հասարակական լուրջ դժգոհություններով, այնպես էլ Գազայում գործող խմբավորումների ռազմական զինանոցի լուրջ համալրումներով: