Առողջապահության նախարարությունը «շնորհավորում է» 5-րդ ալիքին Մամուլի ազատության միջազգային օրվա կապակցությամբ

Առողջապահության նախարարությունը վերջապես խոսեց: Առիթը՝ երեկ մեր հեռարձակած ռեպորտաժն էր՝ «Ստիպողական պատվաստո՞ւմ. պոլիկլինիկայում լռում են» վերնագրով: Նախարարությունը, որը երեք ամիս շարունակ ոչ մի կերպ չէր արձագանքում առողջապահական որևէ նախաձեռնություն մեկնաբանելու մեր խնդրանքներին, այսօր հարկ է համարել հերքել Գարդասիլի պատվաստման շուրջ քաղաքացիների մտահոգությունները լուսաբանող մեր ռեպորտաժի բովանդակությունը: Ընդ որում, խեղաթյուրել է դրա վերնագիրը. հրապարակել է վերնագրի միայն առաջին մասը առանց հարցական նշանի: Առողջապահության նախարարությանը կոչ ենք անում զերծ մնալ ոչ մասնագիտական դատողություններից և սեփական դիրքորոշումը ներկայացնելու համար երբեմն-երբեմն հասանելի լինել լրագրողներին: Իսկ առողջապահության նախարարին հորդորում ենք օգտագործել լրագրողների հետ անմիջական շփման հնարավորությունները և լրագրության դասեր տալու փոխարեն, պատասխանել հարցերին:

Այսօր տարածած հայտարարությամբ` http://moh.am/#1/1952  առողջապահության նախարարությունը մեզ մեղադրում է «բացահայտ սուտ մեկնաբանություններ անելու» և «ապատեղեկատվություն տարածելու» մեջ: Հաշվի առնելով, որ մեր թղթակիցը պարզապես արձանագրել է իրողությունը, նաև համառ և անօգուտ ջանքեր է գործադրել երկրորդ կողմի կարծիքը լսելու համար, ինչը նրա մասնագիտական պարտքն է, նախարարության այսօրվա հայտարարությունը համարում եք լրատվամիջոցի նկատմամբ ճնշում գործադրելու փորձ:

Հայաստանի լրագրողական բոլոր կազմակերպությունների ուշադրությունը հրավիրում ենք լրագրողի՝ փաստերի, մեկնաբանությունների ընտրության ազատության դեմ այս բացահայտ ոտնձգության փորձի վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել