Յուրաքանչյուր մանրածախ խանութում գոյություն ունեն եկամտաբերությունն ավելացնելու բազմաթիվ կանոններ: Դրանցից մեկն էլ հանդիսանում են գնապիտակները: Գնապիտակները վաճառքի մեջ շատ կարևոր դեր ունեն, սակայն հաճախ նրանց այդքան էլ ուշադրություն չի դարձվում:
1. Առաջինը, որ պետք է ուշադրություն դարձնել, դա գնապիտակի մեծությունն է: Գնապիտակը փոքրիկ չպետք է լինի: Երբեմն հաճախորդներն ուղղակի գնապիտակն են փնտրում, բայց ապարդյուն: Եթե մարդիկ մտածում են իրենց ժամանակի մասին, բայց գնապիտակ են փնտրում, ապա երկար չեն մնա այդտեղ և բնական է` վաճառքի կորուստ: Դրա համար գնապիտակը պետք է լինի մեծ, ավելի լավ է մեծ լինի, քան չկարդացվող:
2. Հաճախ սուպերմարկետներում ապրանքների վրա աշխատում են ոչ տեսանելի կամ փոքր գնապիտակներ դնել, այն հույսով, որ հաճախորդները վաճառողին կհարցնեն` ի՞նչ արժե: Իսկ Դուք միշտ հարցնու՞մ եք: Շատ հազվադեպ, այդպես չէ՞, քանի որ մարդիկ շտապում են, իսկ աշխատակիցն այդ բաժնում մեկն է: Ուրեմն սխալ է այսպիսի վերաբերմունքը: Դրա համար որպես խորհուրդ` գնապիտակները մեծ դրեք:
3. Գնապիտակը պետք է լինի տեղեկացնող: Հիշեք, կենցաղային տեխնիկա, էլեկտրոնիկա, համակարգիչ և այլ նման գնումների ժամանակ մարդիկ շատ ուշադիր են կարդում գնապիտակների վրա գրված տեղեկությունը: Օրինակ` էլեկտրոնիկայի խանութներում շատերս ենք նկատել, թե ինչպես են գնապիտակի վրա ներկայացված նաև ապրանքի մասին բազմաթիվ մանրամասն տեղեկություններ: Ոչ միշտ է վաճառողը կարողանում պատասխանել բոլոր հաճախորդների հարցերին, ուստի նման մոտեցումն այնքանով է ճիշտ, որ հաճախորդը կարողանում է որոշ չափով տեղեկանալ ապրանքի մասին: Օգնեք Ձեր հաճախորդներին որոշում կայացնել` ընդամենը նայելով գնապիտակին, ոչ բոլոր դեպքերում, բայց նման պահ շատ հաճախ է լինում: Ուղղակի բացառեք մասնագիտական տերմինները, ոչ ոքի դա ՉԻ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ: Եթե առկա է տերմինալոգիա, ապա բացատրեք: Ահա այդպիսի օրինակ`
Samsung-ի կամ Apple-ի ինչ-որ մոդել
-Արագ պրոցեսոր 1.2գհ` բոլոր ծրագրերը ներբեռնում է մի քանի վայրկյանում
-8 մեգապիկսել տեսախցիկ` թույլ է տալիս ունենալ պրոֆեսիոնալ նկարներ
-Որտեղ առկա է wifi, միանգամից միանում է ինտերնետին` անկախ վայրից
-16գբ հիշողություն, որտեղ կարող եք պահել Ձեր տվյալները
-Իդեալական ընտրություն գործարար մարդկանց համար
-Տղամարդկանց համար հիանալի նվեր
4. Գնապիտակների շրիֆտերի (հայերեն տարբերակը չգտա) հետ խաղ չպիտի անել` ասելով, թե կրեատիվ է: Միգուցե ըստ Ձեզ այո, բայց ըստ հաճախորդի` ոչ: Ուստի պարզությունն այստեղ շատ է ողջունվում: Փորձեք լինել պարզ:
5. Եթե գնապիտակը ծռված է, կեղտոտ, միայն կեսն է առկա կամ չի համապատասխանում կոնկրետ ապրանքին, ապա դա էականորեն ազդում է վաճառքի ծավալների վրա, քանի որ հաճախորդները կարծում են` այստեղ ապրանքները չունեն այն որակը, որին իրենք սպասում էին: Յուրաքանչյուր խանութի մենեջեր պարտավոր է ամեն երեկո` խանութի փակվելուց առաջ, հետևել գնապիտակներին, արդյոք ամեն ինչ նորմա՞լ է, իր տեղո՞ւմ է, նոր գնա աշխատանքից տուն: Մեզ մոտ այդպե՞ս է: Կասկածում եմ, եթե լինի, ապա ողջունելի փաստ է:
6. Գնապիտակները որոշիչ դեր են խաղում նաև զեղչերի դեպքում`
- Կանոն առաջին` գնապիտակի վրա նշվում է գինն ու զեղչը` 650.000 դրամ – 20% զեղչ:
- Կանոն երկրորդ` գնապիտակի վրա նշվում է իրական գինն ու արդեն զեղչված գինը` 650.000 դրամ/520.000դրամ:
- Կանոն երրորդ` գնապիտակի վրա նշվում է իրական գինը, իսկ ներքևում խնայողությունը`650. 000 դրամ / 520.000դրամ: Խնայում եք 130.000 դրամ:
Նշեմ, որ ամենաշատ արդյունավետությունն ունեն երրորդ տիպի գնապիտակները, որոնք ցույց են տալիս խնայողությունը, բայց մեզ մոտ, ինչպես տեսնում ենք, խանութներում ամենաքիչն է այն կիրառվում: Այս պարագայում կիրառվում է նաև այսպես ասած սմայլիկը, որն էլ իր դրական ասոցիացիաներն է փոխանցում գնորդներին:
Շատ հայկական խանութներ օրինակ գնապիտակի վրա արհեստականորեն են գինը բարձրացնում, օրինակ` ենթադրենք կոշիկի գինը 80.000 դրամ է, այն արհեստականորեն գրում են 120.000 դրամ, ջնջում են` դարձնելով իբր 80.000 դրամ: Ընդհանուր առմամբ ոչինչ չի փոխվում, ուղղակի հաստատ վաճառք է ավելանում:
7. Գնապիտակների վրա օգտագործեք նաև «Նոր գին» արտահայտությունը: Երբ Ձեր խանութում հայտնվում է նոր ապրանք, ապա պարտադիր նշեք «Նորույթ» բառը, քանի որ շատ մարդիկ ուղղակիորեն խանութներում նոր ապրանքներ են փնտրում: Բավարարեք նրանց այդ պահանջմունքը:
8. Գնապիտակների վրա եթե գրեք 100 դոլարից իջել է 98 դոլար, ապա ապրանքի վաճառքներում էական փոփոխություն չի նկատվում: Իսկ եթե այդ նույն գինն իջնում է մինչև 97 դոլար, ապա վաճառքներն ավելանում են: Ի դեպ, այս թվերը պետք է գնապիտակների վրա լինեն բավականին մեծ ու երևացող: Եթե 95 դոլարանոց ապրանքի գնապիտակի վրա գինը մեծությամբ գրվում է 97 դոլար, ապա վաճառքներն ավելանում են: Պատճառն այն է, որ մարդու աչքն իսկապես շուտ է նկատում 7 թիվը, այն դրական ասոցիացիաներ է ստեղծում ու գրավում է մարդկանց: Այս թիվը պետք է մեծ լինի գնապիտակի վրա:
9. Շատ հիանալի կերպով են աշխատում գունավոր գնապիտակները: Տարբեր խանութներ տարբեր սկզբունքներ ունեն, օրինակ` նորույթը կանաչ գույնով, ակցիան` դեղին, սովորական գնապիտակները` կարմիր: Կրկնում եմ` այս պահը կախված է խանութի սկզբունքներից: Իսկ եթե ակցիաները դեղին կամ կարմիր գույնով չեն լինում, ապա …
10. Գնապիտակները պետք է լինեն ապրանքին մոտ և լինեն հաճախորդների հոսքի դիմացը, քանի որ անկյունաձև կամ ծուռ գնապիտակներն ուշադրություն չեն գրավում: Խստիվ արգելվում է գնապիտակների վրա կրճատ գրել` բացի դր. բառից:
Եվ վերջում, գնապիտակի բացակայությունն ավելի վատ է ազդում վաճառքների վրա, քան, ասենք, բարձր գնի առկայությունը, ուստի հարկավոր է գնապիտակի միջոցով տալ գնի, ապրանքի ու հաճախորդի շահի մասին տեղեկատվություն: Ահա սրանք էլ այն կանոններն ու ձևերն էին, որը պահանջվում է գնապիտակների հետ աշխատելիս: