Hamlet TadevosyanՀՀ էլեկտրոնային մամուլը անկում է ապրում` իր հետևից տանելով հասարակությանը: Նկատել եք` ամենօրյա նորությունները չեն լուսաբանվում այնպես, ինչպես որ կա: Մեզ մոտ այսօր 95 տոկոսը աղբ է լցվում համացանց, իսկ այդ աղբը իրենց սրտից բխող բառերն են` գրողի, լուսաբանողի, խմբագրի և մյուսների: Այսինքն` այս իրավիճակը ոչ թե մարդկային արժեքների պակասություն է, այլ ծախված լինելու և սեփական հաշիվները պարզելու: Մի՞թե ԶԼՄ-ների ներկայացուցիչները չեն վերլուծում, թե իրենց գրածը ինչ ազդեցություն է թողնում հասարակության վրա, միանշանակ կարելի է ասել` բացասական: Հարգելի ԶԼՄ-ի աշխատակիցներ, հասարակության զարգացման համար Դուք մեծ դեր եք խաղում, իսկ այսօր բացում ես էլեկտրոնային մամուլը` կարդում ես և հասկանում, թե որ լրագրողը կամ խմբագիրը ում հետ է վատ հարաբերությունների մեջ, կամ ինչ պատվեր ունեն այսօր: Նյութը կարդում ես և տեսնում, որ բառերի 90 տոկոսը ուղղված է ոչնչացնելու նյութի գլխավոր հերոսին կամ պաշտպանելու հովանավորին: Մի մոռացեք, որ ձեր գլխավոր գործառույթը լուսաբանելն է և լուսաբանեք այնպես, ինչպես կա, միայն այս կերպ կարող ենք զարգացում ապրել և խնդիրներին ճիշտ արձագանք տալ, հակառակ դեպքում միայն թշնամանք եք սերմանում և լուծում եք ձեր անձնական հարցերը: Իհարկե, կան նաև կայքեր, որտեղ առանց ավելորդությունների լուսաբանվում են նյութերը, բայց, ցավոք, դրանք շատ քիչ են: Եվ ամենացավալին այն է, որ ինչքան էլ գրենք և բողոքենք, իրավիճակը չի փոխվելու: Իմ խորհին համոզմամբ, ՀՀ-ում պետք է լինի անկախ կազմակերպություն, որը տարին մեկ կհրապարակի ԶԼՄ-ների մասին տեղեկություններ, կգնահատի նրանց գործունեությունը և հասարակությանը կներկայացնի նրանց աշխատանքը` ինչ չափով է անկախ, ինչ տոկոսային հարաբերությամբ է հանրությանը ներկայացնում կեղծ լուրեր, ինչ որակի են այդ մամուլում տեղադրված նյութերը, արդյոք պահպանվում է լրագրողական էթիկան և այլն: Իսկ մենք, ըստ այդ ներկայացված տվյալների, կհասկանանք, թե որ լրատվական միջոցներն են որակյալ, ճշմարիտ նյութ մատուցում հանրությանը, և կկարդանք, իսկ մյուսները հաջորդ տարիները կսկսեն մրցակցել առաջին տեղերի համար և շատ մեծ քայլերով առաջընթաց կգրանցենք ԶԼՄ-ներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել