Անի Քոչար՝ Այսօր դեղատանն էի, մինչ իմ գնումը կկատարեի, մի մարդ շնչակտուր մոտեցավ և ասաց, որ իրեն, մեջբերում եմ, տան 2 սպրիչ ու լիդոկային: Նրա հևոցն ու ձայնը ստիպեց, որպեսզի մի պահ շրջվեմ և նայեմ նրան:
Նրա տեսքից շփոթվեցի` գույնն ու տեսքն այն չէր, ինքն ամբողջովին քրտնքի մեջ կորած, անգամ հագուստն էր թաց: Առաջինը, որ մտքովս անցավ, որ նա վատ է զգում և օգնության կարիք ունի: Հարցրեցի որպիսությունը և առաջարկեցի օգնություն, մերժեց` ասելով, որ լավ է: Տեսնում էի, որ իրականում ոչ թե լավ է, այլ շատ վատ: Պնդեցի օգնությունս, ասացի, որ այժմ շտապ օգնություն կկանչեմ: Հազիվ խոսելով` ասաց, որ ոչ, լավ է զգում իրեն և որ միայն շոգում է ու քրտնել է ու օգնության կարիք չունի:
Զգացի` անիմաստ է երկարացնելը, ինձ միայն տարօրինակ թվաց դեղատան բավականին երիտասարդ աշխատակցուհիների հանգիստ, ինչ-որ տեղ անտարբեր վերաբերմունքը, ավելի ուշ` երբ տենդագին վիճակում գտնվող գնորդը դուրս եկավ, աշխատակցուհիներն ինձ ասացին, որ նա թմրամոլ է: Չեմ ցանկանում պատմել մեր երկխոսության մասին, միայն, ցավով, շաաաաաատ մեծ ցավով ասեմ, որ դեղատան աշխատողներն ասացին, որ ամեն օր տասնյակներով թմրամոլներ են այդ վիճակում մտնում և իրենց անհրաժեշտ բուժ. պարագաներ և դեղամիջոցներ գնում, որը այնուհետև խառնում են բենզինի հետ և այլն, և այլն... Թե ինչ հոգեվիճակով դուրս եկա, և ինչ մտքեր են տանջում ինձ և որքան ինչուներ, միայն ես գիտեմ. բայց սիրտս ցավաց, հենց թեկուզ այդ մոլորյալ մարդու համար. նա դեռ այնքան երիտասարդ էր և որքան նման երիտասարդներ են հեռանում այս կյանքից, այն դեպքում երբ պետք է ապրեին և արարեին և ոչ թե իրենց կյանքը ամեն օր դանդաղ սպանեին փոքր ներարիկչներով... Աստված, օգնիր բոլոր մոլորվածներին` գտնելու ճիշտ ուղին...
Նյութի աղբյուր՝ http://www.glancejournal.com/2013/06/blog-post_496.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել