Պեկինում ավարտվեց «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» մեգանախագծին նվիրված երկրորդ միջազգային ֆորումը: «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» մեգանախագծի իրականացման արդյունքում կառուցվելու է Ասիան, Եվրոպան և Աֆրիկան կապող Նոր մետաքսի ճանապարհը՝ բազմաթիվ արագընթաց կոմունիկացիոն ուղիներով և համապատասխան ենթակառուցվածքներով, որոնց կառուցման համար չինական կողմը միլիարդավոր դոլարներ է ներդնելու:

Հետաքրքրական է, որ չինական կողմը պլանավորել է, որ Նոր մետաքսի ճանապարհի կառուցման և համապատասխան ենթակառուցվածքների ստեղծման համար պահանջվելու են տասնամյակներ: Նախատեսվում է, որ այս մեգանախագծի աշխատանքների ամփոփումը կատարվելու է միայն 2049 թ․-ին, երբ լրանում է ՉԺՀ-ի հռչակման 100-ամյակը: Այսպիսի երկարաժամկետ մեգանախագծի իրականացումն իր հետ բերելու է փոփոխություններ նաև միջազգային քաղաքականության և տնտեսական զարգացումների շրջանակներում՝ ուժեղացնելով Չինաստանի ազդեցությունը:

Վերջին մի քանի օրերին Հայաստանի՝ պետության ղեկավարի մակարդակով «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» մեգանախագծին նվիրված ֆորումին չմասնակցելու հանգամանքը բազմաթիվ քննարկումների առարկա դարձավ, և մատնանշվեց, որ մինչ Հայաստանը կենտրոնացած է ներքաղաքական խնդիրների վրա, տարբեր երկրներ, այդ թվում՝ նաև Ադրբեջանը, կարողացել են Չինաստանից ներդրումների խոստումներ ստանալ:

Հարկ է նշել, որ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» մեգանախագծին նվիրված երկրորդ ֆորումը վերջինը չէ, և ծրագրի կյանքի կոչման հագեցվածությունը նախատեսում է հետագայում նոր համաժողովների անցկացում, ուստի Հայաստանը պետք է ակտիվացնի Չինաստանի ուղղությամբ իր արտաքին քաղաքական գործունեությունը՝ հաշվի առնելով համաշխարհային տնտեսության մասնաբաժնում Չինաստանի աճող դերակատարությունն ու երկարաժամկետ պլանվորումը, և Նոր մետաքսի ճանապարհին նվիրված երրորդ ֆորումի ժամանակ հանդես գա կոնկրետ ծրագրերով և օրակարգով:

Անհրաժեշտ է չինական կողմին ներկայացնել Հայաստանում ներդրումներ կատարելու առավելությունները նաև քաղաքական տեսանկյունից՝ նաև հաշվի առնելով, որ Թուրքիան շահարկում է Չինաստանի արևմուտքում բնակվող ույղուրների հարցը: Հայաստանում նախագծեր իրականացնելու համար կարևոր խթան կարող է դիտարկվել Հայաստան-Իրան բարիդրացիական հարաբերությունների առկայությունը: Եթե Չինաստանը վերջին տարիներին Աֆրիկայի և Ամերիկայի հեռավոր երկրներում, որոնք Չինաստանի շահերի տեսանկյունից քիչ կարևորություն ունեն, մեծածավալ ներդրումներ է կատարում, ապա որքան մեծ պետք է լինի չինական կողմի հետաքրքրությունը Հայաստանում, որի աշխարհաքաղաքական դիրքը չինական շահերի տեսանկյունից հենակետային նշանակություն կարող է ունենալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել