Ազգային վիճակագրական կոմիտեն ներկայացրել է այս տարվա առաջին եռամսյակի մակրոտնտեսական ցուցանիշները։ Այդ ցուցանիշներում զարմանալի թվեր կան ու տարօրինակ համադրություններ։

Մասնավորապես, տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 6,5 տոկոս, առևտրի շրջանառությունն աճել է 10,1 տոկոսով, ծառայությունների ծավալը (առանց առևտրի) աճել է 17,3 տոկսով, միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 4,3 տոկոսով։ Եվ այս պայմաններում սպառողական գների ինդեքսը կամ, պարզ լեզվով ասած, գնաճը կազմել է 1,5 տոկոս, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսն աճել է ընդամենը 0,3 տոկոս։

Ինչո՞ւ է այս ամենը զարմանալի ու տարօրինակ։

Բանն այն է, որ ԱՎԿ-ի ներկայացրած տվյալներով մեր տնտեսության մեջ գրեթե գերակտիվ վիճակ է։ Ամեն ինչ աճում է, բայց արի ու տես, որ գները չեն աճում, ընդ որում՝ գնաճի տեմպը ցածր է Կենտրոնական բանկի կողմից թիրախավորված 4 տոկոսի միջակայքից։

Եթե արձանագրվել է առևտրի ու ծառայությունների աշխուժացում, եթե արձանագրվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 6,5 տոկոսանոց աճ, ապա գները նույնպես պետք է համարժեք վարքագիծ դրսևորեին, բայց դա տեղի չի ունենում։ Սա, թերևս, խոսում է վիճակագրական ֆենոմենի, այլ ոչ թե իրական տնտեսական աճի ու աշխուժացման մասին։

Գների աճի ցածր մակարդակն, ի դեպ, ուրախության պատճառ չի կարող դառնալ ճիշտ այնպես, ինչպես մարդու մարմնի՝ նորմայից ցածր մակարդակի ջերմությունը չի կարող ուրախության առիթ տալ։ Ջերմությունը պետք է լինի նորմայի սահմաններում։ Ցածրն էլ, բարձրն էլ վատ են։

Մեզ մոտ հիմա ինֆլյացիայի առումով նորմայից ցածր վիճակ է, ինչը խոսում է այն մասին, որ տնտեսական ակտիվությունը և առևտուրն իրականում ոչ թե աճել են, ու կա աշխուժություն, այլ հիմա պարզապես գրանցումն է շատացել՝ յուրօրինակ լրացուցիչ հարկային բեռ դառնալով բիզնեսի վրա, բայց սա արդեն այլ խոսակցության թեմա է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել