Եթե դու չես եղել «Square One»-ում, դու չես եղել Երևանում։ Երևանի ամենակոլորիտային սրճարաններից է «Square One»։ 15 տարի առաջ սկսելով իր գործունեությունը՝ «Square One»-ն իր հաճախորդներին առաջարկեց ամերիկյան համեղ խորտիկներ ու ժամանակի ընթացքում շատերի համար դարձավ ոչ միայն սնվելու տեղ, այլ շփվելու համար հաճելի միջավայր: BlogNews.am-ն օրերս եղել է սրճարանում, հանդիպել շեֆ խոհարար Էլի Մասուդի հետ, ով էլ ժամանակին զրոյից մշակել է «Square One»-ի մենյուն։ Պատահական չէ, որ նա Հայաստանում է։ Եկել է հատուկ առաքելությամբ՝ 15-ամյակին ընդառաջ թարմացնելու մենյուն։ Ի դեպ, մենք առաջիններից ենք փորձել հմուտ կուլինարի երևակայության արդյունքում ծնված ֆանտաստիկ համեղ ուտեստները, որոնք շուտով տեղ կգտնեն մենյուում, և իհարկե, զրուցել սրճարանի ֆիրմային գաղտնիքների ու խոհանոցի յուրատկությունների մասին։
«Square One»-ի ընդարձակ խոհանոցում անսովոր իրարանցում է. Բոլորս ուշադրությամբ հետևում էինք Մասուդի հմուտ շարժումներին։ Մեզ ծանոթ ու անծանոթ մի քանի բաղադրիչների խառնուրդից ծնվում է յուրահատուկ պիցցա-բուրգերը, որը կուլինարի համոզմամբ դառնալու է մենյուի «must have dish» ուտեստը։


«Square One»-ը համադրել է եվրոպական և ամերիկյան խոհանոցները, ստեղծելով սննդի ժամանակակից մշակույթ. Սրճարանն առաջինն էր, որ Հայաստան բերեց ամերիկյան խոհանոցը՝ հյութեղ սենդվիչներ, բուրգերներ, միլքշեյքերը և պաղպաղակով բրաունի . «Հին հաճախորդները, որոնք 15 տարի շարունակ գալիս են, միշտ հիշում են, որ այն ժամանակ Երևանում նման բան չկար, որ թխվածքի հետ պաղպաղակ առաջարկեին։ Եվ դա իսկապես շատ գայթակղիչ էր քաղցրասերների համար։ Նույնը պետք է ասեմ նաև սմուզիների մասին»,- ուրախությամբ փաստում է մարքեթինգի ղեկավար Ֆլորա Աթոյանը։



Սրճարանն ունի 15 տարվա հավատարիմ և մշտական հաճախորդների մեծ բանակ, որոնք ջերմ հիշողություններ ունեն սրճարանի հետ։ Առանձնահատկություններից մեկը, որ գրավում է շատերին, 15 համարի սեղանն է, որն աչքի է ընկնում իր գողտրիկ, հանգիստ, հարմարավետ տարածքով, նարդիով և շախմատով. «Վերջերս թարմացրել ենք մեր սրճարանի ինտերիերը, վերանորգումից հետո ընդհանուր կոնցեպտը շատ չի փոխվել։ Ճակատային պատին հայտնվել է Հանրապետության հրապարակի նկարը․ «Ինչպես մենք ենք գտնվում հրապարակի ռիթմի մեջ, այնպես էլ հրապարակն իր կոլորիտով գտնվում է «Square One»-ում»,- շարունակում է Ֆլորան։



Վերանորոգումից հետո «Square One» սրճարանն արդեն ունի չծխողների սրահում մանկական անկյուն՝ դայակ-մանկավարժի ներկայությամբ: «Միանշանակ, պետք է ասեմ, որ «Square One»-ը շատ «ընկերական» սրճարան է։ Մենք ստեղծել ենք բոլոր պայմանները, որ մեր հաճախորդներն իրենց հարմարավետ զգան։ Փոքրիկների համար ունենք մանկական մենյու, իսկ մինչև 6 ամսական երեխաների համար լրիվ անվճար վիտամիններով հարուստ բանջարեղենային պյուրեներ»։
««Square One»-ի ժպտերես, կենսուրախ թիմն ու հաճախորդամետ սպասարկումը ստիպում են կրկին ու կրկին վերադառնալ այստեղ,- ասում է Ֆլորան. «Մեր հաճախորդները հաճախ «Square One» գալիս են նաև նրա համար, որ շփվեն մեր աշխատակիցների հետ։ Անվանական ճանաչում են բոլորին։ Տրամադրության փոփոխությունն անմիջապես նկատում են, այստեղ հոգատարությունը փոխադարձ է»։














Նյութը՝ Էմմա Վարդանյանի


