«Երևանում ու Ստեփանակերտում բոլորը գիտեն, որ բոլորովին վերջերս Մոսկվայում հանդիպում եղավ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի միջև, որին մասնակցում էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Հետո նրանց միացան ԵԱՀԿ Մինսկի խմբի (ՄԽ) համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին և Էնդրյու Շեֆերը։ Այն, որ բանակցությունները կայացան Մոսկվայում, և նրանց մասնակցեց Լավրովը, փորձագետներին բազմաթիվ խորհրդածությունների սնունդ տվեց։ Ակնհայտ էր, որ հակամարտող կողմերը հերթական անգամ մոտեցան արցախա-ադրբեջանական հակամարտությունների սուր խնդիրներին, ընդ որում, ունենալով ինչ-որ «տնային պատրաստություններ»։ Ուշադրություն դարձնենք բանակցությունների արդյունքների մասին Մամեդյարովի բավական բացորոշ հայտարարությանը։

«Նախ Սերգեյ Լավրովը, ես և Զոհրաբ Մնացականյանը եռակողմ հանդիպում ունեցանք։ Այն արդյունավետ էր։ Մենք քննարկեցինք հարցեր, որոնք մինչ այժմ խոչընդոտում էին առաջընթացին։ Չեմ կարող ասել, որ դա լիակատար առաջընթաց էր։ Բայց ընդհանուր առմամբ հայկական կողմը և ես կարողացանք առավել բազմակողմանիորեն ու խորապես հասկանալ որոշ պահեր,- հայտարարեց Ադրբեջանի ԱԳՆ-ի ղեկավարը։- Քննարկումը մենք արեցինք այն պլանի հիման վրա, որը 2016-ին առաջարկել էր ռուսական կողմը։ Հասկանալի է, որ այդ հանդիպման ընթացքում մենք չկարողացանք լուծել բոլոր հարցերը։ Այսօրվա հանդիպման օգուտն այն էր, որ մենք ավելի խոր կերպով գիտակցեցինք, թե ինչ խնդիրներ կան և ինչ է անհրաժեշտ որոշել։ Օրինակ, Հայաստանը կարգավիճակի և անվտանգության հարցն է բարձրացնում։ Մենք էլ առաջին հերթին բարձրացնում ենք օկուպացված տարածքներից հայկական զորքերը հանելու և հարկադրյալ տեղահանվածների վերադարձի հարցը։ Մենք բազմակողմանիորեն քննարկեցինք այդ չորս հարցը։ Կարծում եմ, որ համաձայնեցինք շարունակելու քննարկումները, որովհետև ես պետք է տեղեկացնեմ պարոն նախագահին, իմ հայ գործընկերը պետք է տեղեկացնի իր վարչապետին։ Հանդիպման ընթացքում տարբեր կարծիքներ են հնչել։ Հիմա ես չեմ ուզում ասել, թե ինչ առաջարկներ են եղել. դրանք ռուսական կողմի, համանախագահների, Ադրբեջանի և Հայաստանի առաջարկներն են։ Մենք շարունակում ենք աշխատել այդ ուղղությամբ»։

Երբ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը 2017-ին իր լիազորությունները հանձնում էր Էնդրյու Շեֆերին, «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը 2016 թ. փաստաթղթերն անվանեց «Հոգլանդի պլան», ոչ թե Լավրովի։ Մեջբերենք «Ամերիկայի ձայնից». «Լեռնային Ղարաբաղի բարդ պատմության լույսի ներքո կողմերը պետք է նրա վերջնական կարգավիճակը որոշեն համաձայնեցված և ապագայում իրավաբանորեն պարտավորեցնող կամարտահայտության միջոցով։ Միջանկյալ կարգավիճակը լինելու է ժամանակավոր»։ Հոգլանդը հավաստիացնում էր, որ դա ԵԱՀԿ ՄԽ-ի բոլոր համանախագահների դիրքորոշումն է։ Նախկին ԼՂԻՄ-ի սահմաններում գտնվող և Ադրբեջանի կողմից չվերահսկվող տարածքները «պետք է ստանան միջանկյալ կարգավիճակ, որն առնվազն երաշխավորում է անվտանգություն և ինքնակառավարում։ Լեռնային Ղարաբաղի շրջակա օկուպացված տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողության տակ»,- ասվում է այդ փաստաթղթում, որը կոչվում է, կրկին հիշեցնեմ, «Հոգլանդի պլան», այսինքն՝ ԱՄՆ-ի, ոչ թե Լավրովի կամ Ռուսաստանի»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել