Կարևոր էր: Շատ կարևոր հանդիպում էր: Երևանի ամենաթանկ հյուրանոցի նախասրահում Գարիկին սպասում էր իր մանկության սերը:

13 տարեկանից սիրել էր նրան: Հետո սերը, որը դպրոցական մի դասասենյակից մյուսն էր տեղափոխվել, դարձել էր սերեր: Սերը դարձել էր հոգնակի: Սիրում էր Գարիկը, հետո սկսեց սիրել նաև Արմինեն:

Հետո դպրոցական սիրային այդ խաղը, դպրոցի բուֆետի բուլկին, լիմոնադն ու կորժիկը լրջացան, դարձավ համալսարան, դրանից հետո…

Գարիկին տարան բանակ: Ծառայում էր, ծառայում էր ու սիրում էր: Անհամատեղելի էր: Սերը մայրաքաղաքում 3-րդ կուրսի ուսանող էր, ինքը զորանոցում էր: Մի օր հիվանդանում էր, հաջորդ օրը կազդուրվում էր ու սահմանին կանգնում էր, և ընկերներին ասում էր, որ ինքը ժամերով էլ կարող է կանգնի, որովհետև ինքը նաև Արմինեի հանգիստ քունն է ապահովում:
Հետո, մի առավոտ էլ, մայրը զանգեց, զանգեց ու լացելով դիմեց զինվոր որդուն.
«Արմինեին տարան… Ամուսնացավ իրանց հետևի հարևանի հետ: Ռուսաստանից էր եկել, չթողեց սկի ավարտի էլ համալսարանը, միանգամից ամուսնացրին ու տարան»:

Գարիկը պատասխանեց. «Այ մամ, մի նեղվի, մի լացի, իմ մաշացրածն էր, թող հիմա էլ ուրիշը հագնի: Պիվի նման բան ա, հիմա իրանք էլ բացած պիվա են առել տարել»: 

Վիրավորական էր պատասխանը: Վիրավորված սրտի վիրավորական պատասխանն էր: Մայրը չէր նեղվում Արմինեի համար, չնայած նրան սիրում էր, ընդունում էր իր աղջկա նման: Մոր ցավն այլ էր. «Իրան մի վնաս չտա»:
Վնաս չտվեց: Հակառակը, զորացրվել ու եկել էր, հետո ավարտել ու լուրջ աշխատանքների անցել: Մի քանի տարում հասցրել էր բանկում բաժնի պետ դառնալ: Ֆինանսներից լավ էր հասկանում:

Հետո, Արմինեն գտավ… արդեն 3 երեխա ուներ: Եկել էր ամառը հոր տուն՝ հանգստանալու և չէր մոռացել իր սերը՝ սերերը չէր մոռացել:
Համոզել էր. «Կլինեմ քո հետ, մինչև գնալս»:

Կարևոր, շատ կարևոր հանդիպման էր գնում Գարիկը: Երևանի ամենաթանկ հյուրանոցներից մեկի նախասրահում նրան սպասում էր իր սերը՝ սերերը:
Այդ կարևոր հանդիպմանը Գարիկը ծաղիկ չէր տարել: Ոչ էլ նվեր, ոչ էլ թանկարժեք կոստյումն էր հագել և ոչ էլ թևնոցներով վերնաշապիկը, անգամ փողկապն էր ծռել. «Դե աշխատանքից հոգնած ու ամառային օրով այլ բան չէր կարող անել: Չնայած կարևոր հանդիպման էր գնում, սակայն…
Հանդիպեցին, աղջիկը, իսկ արդեն 3 երեխաների մայրն ու Ռուսաստանում հայտնի հայ գործարարի կինը բացատրություններ էր տալիս: Ինքը անտարբեր էր կարևոր այդ հանդիպմանը:

Գնացին համար: Համարում աղջիկն իրեն պահեց այնպես, որ յուրաքանչյուր տղա կնախանձեր այդպիսի պահի: Սեքսոտ ներքնազգեստ, կրքոտ օծանելիք….
Հանվեցին…

Ոչինչ չարեց Գարիկը: Հագնվեց ու...

«Բայց ի՜նչ լավ եղավ, որ դու ուրիշին փաթաթվար, հեչ հաճելի կին չես, քեզ չեմ ցանկանում: Դու ցանկալի չես: Ես կվարձեմ մի պոռնիկ և հագուրդ կտամ իմ կրքերին»:

Այսպես լուծեց իր վրեժը իր սիրուց: Այսպես պատասխանեց նա իրեն դավաճանողին: Չէ՞ որ ինքը գիտեր, որ Արմինեն ինքն է ցանկացել այդ Ռուսաստանից եկածի հետ ամուսնանալ, հարուստ էր ու էլի կհարստանար:

Հարբեց, հետո գնաց ու քնեց, այնպես, ինչպես ոչինչ էլ չէր եղել: Հոգնած էր, հաջորդ օրն էլ աշխատանքի էր, հետո պետք է ծանոթանար իր ընկերուհու՝ Գայանեի հոր հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել