168.am-ը գրում է.

ՀՀ կառավարությունը վաղվա՝ ապրիլի 25-ի նիստում նախատեսում է բացասական եզրակացություն տալ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի ներկայացրած օրինագծին։

Վերջինս առաջարկում է ԱԱՀ-ի շեմը վերականգնել մինչև 2019 թ. հունվարի 1-ը գործող` տարեկան կտրվածքով իրաց­ման շրջանառության 115 մլն դրամի մակարդակում, նվազեցնել հանրային սննդի կազմակերպման գործունեությամբ զբաղվող տնտե­սա­վա­­րող սուբյեկտների հար­կա­յին բեռը` այն ամրագրելով 2018 թ. երկրորդ կիսամյակի համար սահմանված չափով (իրաց­ման շրջանա­ռութ­յան 6 %` հանած ծախսերի 3 %, բայց ոչ պակաս իրաց­ման շրջա­նա­­ռութ­յան 4 %-ից, 2019 թ. համար սահ­ման­ված համապատաս­խա­նաբար` 8 և 5 % փոխարեն):

Կառավարությունը գտնում է, որ նախա­­գծի ընդու­նումը կհանգեցնի ՀՀ պետա­­­­կան բյու­ջեի եկամուտ­ների էական նվազեցման և չի հանգեցնի պետական բյուջեի ծախսերի ավելացման:

Միաժամանակ նշվում է, որ նույն առաջարկությունները ներկայացվել են նաև ՀՀ հարկային օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթով, որը մարտի 7-ին արժա­նացել է ՀՀ կառավա­րության հավանությանը և ներկայացվել է Ազգային ժողովի քննարկ­մանը: Նշյալ օրենքների նախագծերի փաթեթով, բացի վերոնշյալ առաջար­կու­­թյուններից, ներկայացվել են նաև բազմաթիվ այլ առաջարկություններ, որոնք փոխ­կա­պակց­ված են, կրում են համակարգված (ոչ տեղա­յին) բնույթ և արտացոլում են կառավարության ծրագրով նախանշված՝ ուղղակի հարկերի գծով հարկային բեռի նվա­զեց­ման և դրա արդյունքում առաջացող՝ պետական բյուջեի հարկային եկամուտների կորուստը որոշակիորեն փոխհատուցելու քաղաքականությանն ուղղված լուծումները։ Բացի այդ, ՀՀ Ազգային ժողովի քննարկ­մանը ներկայացված նախագծով անդրադարձ է կատարվում ոլոր­տա­յին նշանակության մի շարք խնդիրների, որոնցից մի քանիսը, ի դեպ, նույնպես հրա­տապ լուծում­ներ են պահանջում։

«Խնդիրներին ավելի համակարգային լուծում տալու նպատակով՝ առաջարկում ենք ձեռնպահ մնալ ներկայացված օրենքի նախագծի քննարկումից և դրա դրույթներին անդրադառնալ ՀՀ կառավարության կողմից ներկայացված օրենսդրական նախաձեռնության քննարկումների շրջանակներում»,- ասված է կառավարության որոշման նախագծում:

Մինչդեռ Բ.Թունյանն իր առաջարկը հիմնավորել էր նրանով, որ գործադիրի կողմից շրջանառության մեջ դրված փաթեթի ընդունումը ժամանակատար է, իսկ ՓՄՁ ոլորտի հարկային միջավայրի բարելավումը՝ հրատապ, հարկ է այդ փոփոխությունն իրականացնել ավելի շուտ՝ առանձին օրենսդրական նախաձեռնության տեսքով:

Հիշեցնենք, որ ՀՀ հարկային օրենսգրքի գործող կարգավորումների համաձայն` 2019 թվականի հունվարի 1-ից ԱԱՀ-ի շեմը տարեկան կտրվածքով 115 միլիոն դրամից նվազել է և դարձել 58.35 միլիոն դրամ, ինչը հանդիսանում է փոքր և միջին ձեռնարկատիրության հարկային միջավայրի վատթարացում:

Խնդիր կա նաև հանրային սննդի ոլորտի հարկման համակարգի հետ: Հանրային սննդի ոլորտի գործունեությունը 2018 թվականի հուլիսի 1-ից արտոնագրային հարկի համակարգից տեղափոխվել է շրջանառության հարկի համակարգ և նախատեսվել է, որ հետագա տարիներին գործունեության այս տեսակի մասով սահմանված հարկային բեռն աստիճանաբար կբարձրանա: Կառավարության կողմից շրջանառության մեջ դրված Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծով առաջարկվում է նվազեցնել հանրային սննդի ոլորտում գործունեությամբ զբաղվողների հարկային բեռը, սակայն ընկերությունները 2019 թ. առաջին եռամսյակի հարկային հաշվետվությունները պետք է ներկայացնեն մինչև ապրիլի 20-ը, իսկ Հարկային օրենսգրքի փաթեթը մինչ այդ հնարավոր չէ ընդունել, և տնտեսվարողների համար լրացուցիչ բարդություններ են առաջանալու, այսինքն՝ նրանք ստիպված են լինելու հաշվետվությունները ներկայացնել՝ ըստ նախկին կարգավորման (8%-5%), որից հետո ճշգրտել այդ հաշվետվությունները՝ ըստ բարելավված դրույթների։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել