Նայում եմ լրատվամիջոցներից մեկին վարչապետ Փաշինյանի տված բացառիկ հարցազրույցը, որում վարչապետը փորձում է հետահայաց ամփոփել այսպես կոչված թավշյա հեղափոխության մեկ տարին:

Մի շատ զարմանալի նրբություն նկատեցի. վարչապետը փորձում է խուսափել ժողովրդին տված իր խոստումների կատարման հարցից՝ թեման գլորելով ժողովրդի ուղղությամբ: Փաշինյանն ասում է, թե տնտեսական հեղափոխությունը տեղի է ունենում քաղաքացիների գլուխներում, և հենց քաղաքացիները պետք է ի կատար ածեն տնտեսական հեղափոխությունը:

Այս դեպքում բնական հարց է ծագում․ եթե երկրի տնտեսական վիճակի համար պատասխանատու է ոչ թե կառավարությունը, այլ քաղաքացին, ապա էլ ինչի՞ համար է կառավարությունը․ քաղաքացին առանց կառավարության ու վարչապետի էլ տնտեսական հեղափոխությունը կաներ:

Վարչապետ Փաշինյանն ինչքան էլ փորձի հակառակը համոզել, այնուամենայնիվ, իր հոգու խորքում իրեն հաշիվ է տալիս, որ քաղաքացիների ակնկալիքները չի արդարացրել, քաղաքացու համար տեսանելի և դրական փոփոխություններն այդպես էլ իրականություն չեն դառնում:

Եթե վարչապետը շարունակի իր չկատարած խոստումների պատասխանատվությունը գլորել ժողովրդի ուղղությամբ, ապա պետք է համոզված լինի, որ ժողովուրդն արդեն իսկ միացրել է Փաշինյանի իշխանության հետհաշվարկի ժամացույցը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել