Armenpress.am-ը գրում է.

րանսիայի Կլիշի քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հրապարակ է բացվել, որը կրում է մեծանուն ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի անունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:

Հրապարակի բացման արարողությանը ներկա է եղել Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը:

Ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայ ժողովուրդը հիշատակում է Հայոց ցեղասպանության տարելիցը: 104 տարի առաջ հենց այդ օրը Օսմանյան կայսրության պարագլուխները Կոստանդնուպոլսում, ըստ նախօրոք  պատրաստված ցուցակների, ձերբակալեցին մոտ 235 հայազգի մտավորականի: Իսկ ընդհանուր առմամբ, Օսմանյան կայսրության իշխանության ղեկին կանգնած  երիտթուրքական կուսակցության կողմից կազմակերպված ցեղասպանության հետևանքով 1915-1923 թվականներին զանգվածային տեղահանության է ենթարկվել և բնաջնջվել Արևմտյան Հայաստանի հայ  բնակչությունը, ոչնչացվել ունեցվածքը, մշակութային ու հոգևոր ժառանգությունը։

Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը սկսվել է 1915 թվականի մայիսի 24-ի ֆրանս-բրիտանա-ռուսական համատեղ Հռչակագրի հրապարակմամբ և վերսկսվել 1965 թվականից, երբ Ուրուգվայը պետականորեն առաջինը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։  Հայ ժողովրդի կոտորածը որպես ցեղասպանություն ըստ միջազգային իրավունքի պաշտոնապես դատապարտել և ճանաչել են Ավստրիան, Արգենտինան, Բելգիան, Բոլիվիան, Բրազիլիան, Գերմանիան, Դանիան,  Իտալիան, Լեհաստանը, Լիբանանը, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Կանադան, Կիպրոսը, Հունաստանը, Նիդերլանդները,Շվեդիան, Շվեյցարիան, Չեխիան, Չիլին, Պարագվայը, Ռուսաստանը, Սլովակիան, Վատիկանը, Վենեսուելան,  Ֆրանսիան:

Հայոց ցեղասպանությունը տարածքային ինքնակառավարման մարմիններից ճանաչել են Ավստրալիայի 2 նահանգ, Արգենտինայի 2 նահանգ, Կանադայի 3 քաղաք, Շվեյցարիայի 2 կանտոն, Մեծ Բրիտանիայի Ուելսը, Շոտլանդիան և Հյուսիսային Իռլանդիան, Իտալիայի 36 քաղաքային խորհուրդներ, Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրոյի նահանգային խորհրդարանը և ԱՄՆ 49 նահանգ: Հայերի ցեղասպանության ընդունումը պաշտոնապես պարտադիր պայման չէ Թուրքիայի՝               ԵՄ-ին անդամակցելու համար, բայց որոշ հեղինակներ կարծում են, որ Թուրքիան պետք է կատարի այդ քայլը        ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել