168.am-ը գրում է․

Կաննի 72-րդ կինոփառատոնի հիմնական մրցույթում տեղ են գտել Պեդրո Ալմոդովարի, Դարդեն եղբայրների, Կսավիե Դոլանի, Թերենս Մալիքի եւ ուրիշների ֆիլմերը: Այդ մասին կայացած մամուլի ասուլիսում հայտնել է փառատոնի տնօրեն Թիերի Ֆրեմոն:

Նա նշել է, որ մրցույթում ներառվել է Ալմոդովարի «Ցավ եւ փառք» նոր աշխատանքը՝ Պենելոպա Քրուսի եւ Անտոնիո Բանդերասի մասնակցությամբ: Այն կպատմի նշանավոր կինոռեժիսորի մասին, որը վերլուծում է իր հարաբերությունները մոր եւ երկրորդ կեսի հետ, ինչպես նաեւ հայտնի ու երջանիկ դառնալու փորձերը:

Բացի այդ, իտալացի Մարկո Բելոկիոն կներկայացնի «Դավաճան» կինոնկարը, իսկ Սելին Սկիյաման՝ «Լեդիի դիմանկարը՝ կրակի մեջ» ժապավենը: Բրիտանացի Քեն Լոուչը կցուցադրի Sorry We Missed You կինոնկարը, իսկ ռումինացի Կոռնելիու Պորումբոյուն՝ Whistlers ժապավենը: Հարավկորեացի ռեժիսոր Պոն Չժուն Հոն 2017 թվականից հետո Կանն կվերադառնա «Մակաբույծը» նոր ժապավենով: Բելգիացի Դարդեն եղբայրները կներկայացնեն «Երիտասարդ Ահմեդը» կինոնկարը, իսկ կանադացի Կսավիե Դոլանը՝ «Մատիասը եւ Մաքսիմը» ֆիլմը, որտեղ ռեժիսորն ինքն է գլխավոր դերակատարը:

Իզաբել Յուփերը, Գրեգ Քինիրը խաղացել են Այրա Սաքսի «Ֆրենքի» ֆիլմում: Նաեւ մրցույթում տեղ են գտել Առնո Դեպլեշենի, Մալիքի եւ մյուսների նոր կինոնկարները: «Մի շարք, հնարավոր է, ամենասպասված ֆիլմերը կներառվեն ծրագրում եւ կհայտարարվեն բառացիորեն փառատոնի նախօրյակին»,-հավելել է Ֆրեմոն:

Մրցույթից դուրս կցուցադրեն Էլթոն Ջոնի մասին պատմող «Ռոքեթմեն» կինոնկարը՝ Թերոն Էջերթոնի, Ռիչարդ Մեդենի եւ ուրիշների մասնակցությամբ, Կլոդ Լելուշի The Best Years of a Life նոր ֆիլմը՝ Մոնիկա Բելուչիի մասնակցությամբ:

Բացի այդ, Լասիֆ Կապադիան կներկայացնի Դիեգո Մարադոնայի մասին պատմող ժապավենը, իսկ Նիկոլաս Բեդոսը՝ «La Belle Epoque» ֆիլմը:

Վավերագրական սեկցիայում կցուցադրեն Սիրիայի մասին պատմող կինոնկարներ:

Կինոփառատոնի բացման ֆիլմը կդառնա ամերիկացի ռեժիսոր Ջիմ Ջարմուշի «Մեռյալները չեն մահանում» նոր ֆիլմը. ժապավենը ներկայացվելու է հիմնական մրցույթում: Կաննի 72-րդ կինոփառատոնը կանցկացվի մայիսի 14-ից մինչեւ 25-ը:

Ժյուրին գլխավորել է մեքսիկացի ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել