Panorama.am-ը գրում է.

Ընդհանուր առմամբ, շուրջ 23 միլիոն աղջիկ լույս աշխարհ չի եկել միայն այն պատճառով, որ նրանց ծնողներին ապագա  երեխայի սեռը  ցանկալի չի եղել   և նրանք որոշել են ընդհատել նորմալ ընթացող հղիությունը։ Համեմատության համար. 23 միլիոն մարդը՝ Իսպանիայի բնակչության կեսն է կամ գրեթե Ավստրալիայի ողջ բնակչությունը։ Դա երկու անգամ ավելին է, քան Բելգիայում ու Կուբայում բնակվողները, չորս անգամ ավելի է, քան Դանիայի կամ Ֆինլանդիայի բնակչությունը։  Բի-Բի-Սի-ի հաղորդմամբ, ծավալուն ուսումնասիրության տվյալները հրապարակվել են ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի կայքում։

Գիտնականներն վերլուծել են վերջին մի քանի տասնամյակներում ողջ աշխարհում ծնելիության տվյալները և հայտնաբերել, որ այդ ընթացքում  մի քանի երկրներում նորածինների սեռերի հարաբերակցության կտրուկ թռիչք է տեղի ունեցել։ Լույս աշխարհ է եղել զգալի մեծ թվով տղա երեխաներ, զգալի քիչ՝ աղջիկներ։

Այդ միտումը հատկապես վառ արտահայտվել է 11 երկրներում, այդ թվում երեք նախկին խորհրդային հանրապետություններում՝ Վրաստան, Հայաստան, Ադրբեջան։ Սակայն արհեստականորեն դադարեցված հղիության առյուծի բաժինն ընկնում է առավել խիտ բնակեցված երկրներին` Հնդկաստան և Չինաստան:

Անցանկալի աղջիկ երեխաներ
Միջինում յուրաքանչյուր 100  նորածին աղջկա համեմատ  ծնվում է 105 տղա։ Տարեցտարի այս հարաբերակցությունը կարող է թեթևակի տատանվել այս կամ այն կողմ (1,03-1,07), բայց ընդհանուր առմամբ մնում է անփոփոխ՝ անկախ երկրից։

40 տարի առաջ հայտնված տեխնոլոգիան, որը թույլ է տալիս որոշել դեռ չծնված երեխայի սեռը հենց մոր արգանդում, հանգեցրել է ընտրողական աբորտների պրակտիկայի առաջացմանը: Ապագա ծնողները հնարավորություն են ստացել որոշել՝ թողնել երեխային, թե ազատվել՝ կախված նրանից, թե ինչ երեխայի են սպասում՝ տղա, թե աղջիկ։ Հաշվի առնելով ծնելիության վերահսկման և երեխաների թվաքանակի նվազեցման համընդհանուր գլոբալ միտումը, ավելի ու ավելի շատ ընտանիքներ որոշում են ընդհատել  հղիությունը, եթե երեխայի սեռն իրենց ցանկալի չէ և կրկին փորձել: Ավելին, շատ մշակույթներում  նախընտրությունն ավանդաբար տրվում է տղա երեխաներին: Այդ պատճառով է, որ շատ երկրներում բժիշկներին օրենքով չի թույլատրվում ծնողներին տեղեկացնել դեռևս չծնված երեխայի սեռը, հատկապես հղիության վաղ փուլերում, երբ հղիությունն ընդհատելը հեշտ է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել