Մենք ԽՈՍՔՈՎ, օրենքի գերակայության մի մուրազ ենք փայփայում: «Օրե՜նք չկա, օրե՛նք»,- հռետորաբանում է մեզանից յուրաքանչյուրը: Մենք գուցե հասկանում էլ ենք, որ առանց օրինականության հաստատման մշտապես կմնանք այս ողորմելի վիճակում: Հանրային խոսակցություններում գոռում-գոչում ենք, որ օրենքը պիտի գործի ամենուր և խիստ լինի բոլորի նկատմամբ, որ բոլորը պիտի հարկեր վճարեն, բոլորը կարգը պահեն, կաշառք չվերցնեն, անբան ընկեր բարեկամին առաջ չքաշեն, չկեղտոտեն, չխաբեն, օրենքի արգելքները չխախտեն, օրենքը հարգեն:
Այո՛, պարտավոր են բոլորը… Բացի ԻՆՁԱՆԻՑ (հուշում է յուրաքանչյուրիս ներքին ձայնը): Եվ կյանքի նկատմամբ այսպիսի մոտեցումը, ավաղ, մեր կենսակերպի, մեր բնույթի, մեր էության անբաժան մասն է: Օրենքը շրջանցելը, «ոտքն աննկատ գծից դուրս դնելը» մոլախաղի պես մի բան է դարձել, որում ընդգրկված են բոլորն անխտիր: Բոլորս միասին, որոշները հասկանալով, իսկ որոշները անգիտակցաբար, անշահախնդրորեն, այսօր լծված ենք ՕՐԵՆՔԻ ՇՐՋԱՆՑՄԱՆ խնդիրների լուծմանը:
Այս վիճակում հայտնվելու գլխավոր պատճառը մեկն է: Մենք կորցրել ենք մարդուն մարդ պահող կարևորագույն մեկ բան՝ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ: ԱՅՆ լքել է մեզ, և սա է պատճառը, որ ամենաբարեխիղճ կազմված օրենքներն անգամ արհամարհվում և շրջանցվում են, չեն աշխատում, և մենք հայտնվում ենք անելանելի վիճակներում: Այս վիճակի հաղթահարման համար հասարակական ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ վերականգման ուղիներ որոնելու փոխարեն մենք ոչինչ տվող, նորանոր, «մեռած» օրենքներ ենք հորինում, որոնք դարձյալ չեն աշխատում:
Ահա այս է նաև պատճառը, որ տնտեսական, ավելին՝ որևէ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ խոսելիս հարկ է առաջին հերթին մտածել ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ հեղափոխության մասին: Անհրաժեշտ է խորհել մարդու մոտ բարոյականության վերականգման, մտածելակերպի, հոգեվիճակի վերափոխման, մարդուն ՄԱՐԴ վիճակին բերելու մասին, որից հետո նոր միայն խոսել տնտեսական կամ որևէ այլ, իր քաշով հազարապատիկ ավելի թեթև, ավելի նվազ կարևոր խնդիրներ լուծելու մասին: ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ, ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ վերականգնման ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ: Այս է այսօրվա կարևորագույն հրամայականը: Խորհենք այս մասին…