Ֆրանսիացի հայտնի ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտը հրդեհից տուժած Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման արժեքը գնահատել է մոտավորապես մեկ միլիարդ եվրո:

Վիլմոտի խոսքով՝ գոյություն ունի կամարի վերականգնման, աշտարակի սրաձողի վերակառուցման եւ տաճարի ներքին հարդարանքի նորոգման որոշված գին:

«Այո, մոտավորապես այդքան»,- պատասխանել է Վիլմոտը վերականգնման մեկ միլիարդ եվրո արժեքի վերաբերյալ France Inter ռադիոկայանի հաղորդավարի հարցին: Դրա հետ մեկտեղ ճարտարապետը նշել է, որ եթե բոլոր խոստացված նվիրատվություններն իրապես ստացվեն տաճարի վերականգնման հիմնադրամում, ապա դրանք կկարողանան ծածկել վերակառուցման ծախսերը: Le Parisien թերթն ապրիլի 17-ին հայտնել է, որ հրդեհից տուժած Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար խոստացված նվիրատվությունների գումարը հասել է 1 մլրդ եվրոյի: Միջոցներն ստացվում են առավելապես խոշոր ընկերություններից եւ գործարարներից, ինչպես նաեւ չորս հասարակական հիմնադրամներից, որոնք ընտրել է Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը: Գերատեսչության ղեկավար Ֆրանկ Ռիեստերը ապրիլի 17-ին Twitter-ի իր էջում նաեւ հայտարարել է ինտերնետ-պորտալի գործարկման մասին, որի միջոցով կարելի է նվիրատվություններ անել տաճարի վերականգնման համար:

Փարիզի Աստվածամոր տաճարում խոշոր հրդեհն սկսվել էր ապրիլի 15-ի երեկոյան: Դրա հետեւանքով փլվել է աշտարակի սրաձողը, լուրջ վնասներ է ստացել կրող կառուցատարրը: Հրդեհը հաջողվել է մարել միայն ապրիլի 16-ի առավոտյան դեմ: Նոտր Դամի կառուցվածքը եւ արվեստի գլխավոր ստեղծագործությունները, ինչպես նաեւ տաճարում պահվող մասունքները փրկվել են: Ֆրանսիական զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ արտակարգ պատահարը կարող է կապված լինել վերականգնողական աշխատանքների հետ:

Դատախազությունը հետաքննություն է սկսել բռնկման հետեւանքով ոչ դիտավորյալ վնաս հասցնելու կապակցությամբ: Ինչպես հայտարարել է հանրապետության դատախազը, տաճարում հրդեհը կանխամտածված չի եղել, առաջնային վարկածը բռնկման պատահական բնույթն է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել