Tert.am-ը գրում է․

Ազգային ժողովի հերթական նիստում շարունակվում է կառավարության կառուցվածքի քննարկումը: Հիմնական զեկուցող, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը պատասխանում է պատգամավորների հարցերին:

ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը նախքան հարցը կհնչեցներ, դիմելով Զեյնալյանին՝ ասաց. «Ձեր ընդդիմադիր պատգամավորական գործունեության ընթացքում սկզբունքորեն հետևում և քննադատում էիք իշխանությանը, երբ նրանք կարևոր որոշումները և նախագծերը հապճեպ էին բերում ԱԺ: Հիմա մենք ունենք կառավարության կառուցվածքի պես կարևոր և լուրջ նախագիծ, որը արտահերթ նիստում համապատասխան հանձնաժողովում քննարկվեց շատ կարճ՝ պատճառաբանվելով, որ ժամը 4-ին լինելու է խորհրդի նիստ»:

Գորգիսյանը նշեց, որ, ըստ էության, իրենց խմբակցության ներկայացրած առաջարկները չքննարկվեցին: «Դուք լսեցիք պարոն Մարուքյանի զեկույցն ու ասացիք, որ մերժելի է, այնինչ կար համապատասխան ընթացակարգ, թե ինչպես պետք է քննարկվի, բացի այդ, E-draft-ում կային առաջարկներ արտախորհրդարանական ուժերի կողմից, որոնց կրկին որևէ կերպ անդրադարձ չի կատարվել հանձնաժողովի նիստում»,- շեշտեց Գորգիսյանը և նախարարին հարցրեց. «Ինչպե՞ս այս ամենը կմեկնաբանեք և ի՞նչ փոխվեց Ձեզ մոտ, որ սկսեցիք այս կերպ վերաբերվել Ազգային ժողովին»:

Ի պատասխան՝ Զեյնալյանը նշեց, որ իր սկզբունքայնության վերաբերյալ Գորգիսյանի հարցադրումը բացարձակ այսօրվա օրակարգի հետ առնչություն չունի: «Դա քաղաքական փոքրամասնության հնարքներից է, որ Դուք բանեցնում եք: E-draft էլեկտրոնային հարթակում արված բոլոր առաջարկությունները կառավարությունում քննարկվել են և «ԱԺ կանոնակարգ» օրենքով նախատեսված չէ E-draft էլեկտրոնային կայքում տեղակայված առաջարկությունները ԱԺ-ի պետաիրավական հանձնաժողովում քննարկելը»,- հակադարձեց նախարարը:

Ըստ Զեյնալյանի՝ ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ներկայացրած առաջարկությունները կետ առ կետ քննարկել և Պետաիրավական հանձնաժողովում քվեարկվել են: «Թեև պարոն Մարուքյանի կողմից եղավ առաջարկություն, որ փաթեթով քննարկվեն, բայց հանձնաժողովի նախագահը հատիկ-հատիկ դրանք դրել է քննարկման և քվեարկության: Եվս մեկ անգամ հիշեցնեմ՝ սա կառավարության բացառիկ իրավասությունն ու լիազորությունն է՝ որոշելու, թե ինչ կառուցվածքով, ինչ ցուցակով կարող է իրականացնել այն ծրագիրը, որը հաստատել է ԱԺ-ն: Կառավարությունն արտահայտում է ժողովրդի կամքը, հանդես է գալիս իրեն քվե տված ժողովրդի անունից, և այս պահին սա այն կառուցվածքն է, որ մենք գտնում ենք, հնարավոր է, իրականացնել Սահամանադրությամբ մեր վրա դրած պարտականությունները»,- նշեց նախարարը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել