Yerkir.am-ը գրում է.

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, թե չկա այնպիսի թեմա, որից իրենք խուսափեն խոսել: «Պարզապես տրանսգենդեր կնոջ թեմայով վեճը ծավալվել էր «Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների միջև»,- հստակեցրեց նա` հավելելվով, որ չի ցանկանում մտնել այդ դաշտը:

Նա ցավով նշեց, որ հայաստանյան մամուլում տրանսգենդեր կնոջ ելույթի հարցը շահարկելու, սուր մթնոլորտ ձևավորելու հետևանքով ԵԽԽՎ-ում բանաձևի նախագիծ է շրջանառության մեջ դրվել, որում անդրադարձ է կատարվում Հարավային Կովկասում սեռական փոքրամասնությունների և տրանսգենդեր անձանց իրավունքների ոտնահարմանը։

«Ասեմ ավելին` Հայաստանի մասով դոմինանտ հատված կա, որը ՀՀ խորհրդարանի ներսում, դրսում տեղի ունեցած քննարկումների արդյունք է։ Հայաստանը հիմա դրա հետ կապված խնդիր է ունենալու: Եթե բանաձևն ընդունվի, ՀՀ-ն դատապարտվող երկրների ցուցակում է լինելու, ու այդ բանաձևը տեղ է գտնելու ԵԽԽՎ խտրականության հանձնաժողովում»,- հայտնեց պատգամավորը:

Մարուքյանը նշեց, որ, ըստ այդ բանաձևի, մեր ու Ադրբեջանի միջև հավասարության նշան են դնում, ինչը շատ վատ է, քանի որ Freedom house-ի բոլոր զեկույցներով` մենք Ադրբեջանից առաջ ենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել