ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԽԽՎ բարձր ամբիոնից հայտարարեց, որ 10 ամսվա ընթացքում ՀՀ-ում աշխատատեղերի թիվն ավելացել է 51 հազարով, և դա աշխատաշուկայի ընդհանուր 10%-ն է։
Համոզված եմ, որ այս ցուցանիշներն առաջին հերթին կապ ունեն գործազրկության կրճատման ցուցանիշների հետ, իսկ դա էլ, ինչպես գիտեք, թաքնված աշխատատեղերի հայտարարագրման արդյունք է, այլ ոչ թե նոր աշխատատեղերի բացման, սակայն այս պարագայում ևս տասնյակ հազարավորների՝ ստվերից մաքուր դաշտ բերելու վիճակագրությունն անհավանական է թվում։
Ավելին, ընկերներ, դիմում եմ ձեզ․ ասեք, խնդրում եմ, որևէ մեկը մեզանից նկատե՞լ է ավելացում իր շրջապատում աշխատատեղերի մասով: Ես՝ ոչ։ Հակառակը, իշխանափոխությունից հետո Հայաստանում իրական աշխատատեղերը ոչ միայն չեն ավելացել, այլև նվազել են։ Դրա վառ օրինակներն են պետական ապարատում տեղի ունեցող կրճատումները, Ամուլսարի ծրագրի կասեցման և Վանաձորի պղնձաձուլարանի գործունեության դադարեցման հետևանքով փակված հազարավոր աշխատատեղերի մասին տվյալները։
Իսկ նոր աշխատատեղերի բացման վերաբերյալ տեղեկությունները կարելի է ճշտել մի քանի մեթոդով, օրինակ՝ հարկայինում 50 հազար աշխատողի գրանցման վերաբերյալ ինֆորմացիայից, պարտադիր 1000 դրամ հիմնադրամի վճարների կայքից և այլն։ Սակայն հուսանք, որ Պետեկամուտների կոմիտեն առաջնահերթ պարզաբանում կտա այս առեղծվածային հայտարարության կապակցությամբ։