Այն Հոլիվուդը, որ ես ճանաչեցի, անհաջողակների քաղաք է: Գրեթե բոլորը, ում հանդիպում էի, տառապում էին` կա՛մ քաղցից, կա՛մ ինքնասպանություն գործելու աներես մտքերից: Մենակ եմ սենյակում, բայց մխիթարում եմ ինձ` քաղցը լավ է կազմվածքի համար, չկա ավելի գեղեցիկ բան, քան` տափակ փորը: Մենակ, մերկ ոտքերով, դատարկ ստամոքսով նստած արտասանում եմ` «Ու՞մ համար է այս ամենը...»: Գիշերը կամաց իջնում է Հոլիվուդի վրա: Այս քաղաքում, հավանաբար, հազարավոր ինձ նման միայնակ աղջիկներ կան, որոնք երազում են կինոաստղեր դառնալ: Բայց ի՞նչ գործ ունեմ ես նրանց հետ: Իմ երազներն անպայման կիրականան: Ես դրան հաստատ հավատում եմ: Կինոդերասանուհի դառնալու իմ երազանքները գուրգուրում էի հոգուս խորքում միայնակ: Եվ հանկարծ` հաջողություն: Կինոստուդիայի տնօրինությունն ավելի զարմացած էր այդ հաջողության համար, քան ես: Նրանք ինձ երկար չարչարեցին. հրավիրում էին տարբեր տեղեր` ժամանակ անցկացնելու երիտասարդ, շիկահեր, գեղեցիկ կազմվածքով աղջկա հետ, բայց չէին օգնում աշխատանք ճարելուն: Նստում էի նրանց լիմուզինները և գնում էի շքեղ ռեստորաններ, որտեղ, որպես կանոն, ուտում էի չորսի փոխարեն` աշխատելով փոխհատուցել շաբաթվա ընթացքում աղքատիկ խորտկարաններում կերած անհամ կերակուրների համը: Գնում էի նրանց շքեղ կացարաններ, ուր սուսուփուս նստում էի ամբողջ երեկոն, մինչ նրանք խաղում էին ռամս կամ պոկեր: Բայց երբեք ինձ ազատ չեմ զգացել նրանց տներում և ռեստորաններում: Շքեղության մեջ իմ հագուստը չափից ավելի խեղճ էր երևում: Ուզում էին ինձ գայթակղեցնել, որն իրենց համար սովորական բան էր, իսկ ես չէի ենթարկվում գայթակղությանը: Իսկ այժմ բոլոր թերթերն ու ամսագրերը հոդվածներ են գրում իմ մասին, զետեղում իմ լուսանկարները: Հարցազրույցների ժամանակ ես կեղծ բաներ էի պատմում իմ հոր ու մոր մասին. իբր մայրս մեռել է, իսկ հայրս Եվրոպայում է: Ես ստում էի: Չէ՞ որ ամոթ էր խոստովանելը, որ մայրս գժվել է, որ ես ապօրինի ծնունդ եմ և երբեք չեմ լսել հորս ձայնը: Ի վերջո, ես հրաժարվեցի այդ բոլոր ստերից և մեծ գոհունակությամբ տեսա, որ թերթերն ու ամսագրերը ըմբռնումով մոտեցան նոր խոստովանությանս: Հասարակությունն արդեն ինձ սիրում և գնահատում էր: Ինձ խիստ հարկավոր էր 50 դոլար, և ես նկարահանվեցի մերկ: Սարսափով սպասում էի իմ թեթևամտության հետևանքներին: Հավատացած էի, որ շուտով կինոստուդիան, մամուլը և հանդիսականները երես կթեքեն ինձանից, որ ես չեմ ապրի այդպիսի «մեղքից» հետո: Փառք Աստծո, նկարն ընդունեցին ոչ որպես անամոթություն: Հարյուր հազարավոր նամակներ եկան ստուդիա: Ինձ հասցեագրվող թղթակցության քանակն ի վերջո տնօրինությանը ստիպեց ընդունել իմ գոյությունը: Երբ հափշտակված ես միայն մի երազանքով, հեշտ է այն իրականացնել: Ես աշխատում էի առանց հանգստանալու: Ես գիտեի, որ վերջապես ինձ մեծ դեր կտան: Ուր որ է գովազդը կվերածվի գործի: Աշխատանքին տրամադրում էի 12-14 ժամ. գորհոգնած էի, նույնիսկ` ընկճված: Թվում էր, թե ինձ համար աշխարհը կորցրել է իր գույները: Բայց և այնպես ես դժբախտ չէի և գիշերները չէի անցկացնում հուսահատության ու արցունքների մեջ: Իրականում, ամբողջովին նվիրվելով աշխատանքին, որպեսզի առաջադիմեմ, ես մոռանում էի ապրել: Ինձ այլևս ոչինչ չէր ուրախացնում: Ես այլևս ոչ ոքի և ոչինչ չէի սիրում... Ինձ մնում էր միայն իմ` ծնունդ առնող փառքը:
Նյութի աղբյուր՝ http://news.nverblog.com/2013/05/blog-post_4.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել