Էն աղջկան հիշո՞ւմ եք, որ մեր մամուլ մտավ «լկտի ու սանձարձակ» ձևակերպումով: Տո ինչո՞ւ մենակ մամուլ՝ բոլորիս խաղաղ ու ասֆալտապատվող կյանք…
Բայց եթե բոլորինը նա մտավ Շամշյանի տեսանյութով, ապա իմ ու մի որոշակի թվով մարդկանց կյանք նա մտել էր դեռ համահանրապետական հռչակի ձեռքբերման նախօրեին, բայց էլի նույն վարքով: Էն տարբերությամբ, որ հանդիսատեսը ավելի շատ էր՝ կենդանի, բայց վթար չէր եղել: Ես դա երևի անվանեմ «գլխավոր փորձ»:
Մանրամասնեմ. 2 օր առաջ նույն աղջիկը գլխավոր փորձ էր արել Տերյան փողոցում` լացելով, գոռգոռալով, հարվածելով ոստիկաններին ու օգնության եկած կարմիրբերետավորներին:
Ուրբաթ օրը` հունիսի 14-ին, ժամը 15:00-ի սահմաններում էդ աղջիկը իր վրա էր հրավիրել ամբողջ փողոցի ուշադրությունը… Էդտեղով անցնելիս մի պահ ֆիքսեցի` ամենախաղաղ պահն էր: Կարճ է, բայց կարելի է պատկերացում կազմել անգամ էն ժեստիկուլյացիայից, որ բանեցնում է ոստիկանի հետ շփվելիս: Ու մեկ էլ մարդկանց ռեակցիայից. անցորդները շրջվում են, վարորդները դանդաղացնում ընթացքը, որ տեսնեն չլսված-չտեսնվածը…
Հետաքրքիր է, որ ես էդ ամենի մասին մոռացել էի օրվա թոհուբոհում, չնայած արտասովոր աղմուկ-աղաղակի վրա էի գնացել, գոռոցներ, լաց: Մենակ հիշում էի, որ խղճի խայթ ունեմ՝ ինչի ավելի չմոտեցա, հարցնեմ՝ ինչով կարող եմ օգնել… Բայց հետո տեսա՝ մերուաղջիկ Շամշյանի գլխին ինչ օյին են դրել, մտածեցի, որ լավ էլ արեցի: Էլ չասեմ՝ երբ հետո «գլխավոր փորձը» տեսածները պատմեցին, թե էլ ինչեր է ասել…
Երբ Շամշյանի նկարածը մեջտեղ եկավ, հիշեցի, որ դրա գլխավոր փորձն էլ ես եմ ախր նկարել նախօրեին: Ինձ թվում է` դա հենց փորձ կարելի է անվանել: Այ եթե էդ ժամանակ կանխվեր, հաստատ գլխավոր շոուն չէր լինի:
Բայց ախր էդպես էլ չէր լինի, չէ՞:
Եթե Femen-իստուհիները հայեր լինեին, ապա նրանք երևի լկտի ու սանձարձակ կլինեին: Femen-ի վերջին ակցիայից հետո մի տեսակ ոճի, ձեռագրի, հնչեղության նմանություն եմ զգում: