WikiLeaks կազմակերպությունը կոչ է արել նվիրատվություններ կատարել իր հիմնադիր Ջուլիան Ասանժի օգնության հիմնադրամին․ Ասանժը ապրիլի 11-ին բրիտանական ոստիկանության կողմից ձերբակալվել է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը: Այդ մասին ասված է Twitter-ում կազմակերպության պաշտոնական էջում հրապարակված հաղորդագրության մեջ՝ գրում է tass.ru-ն:

«Ջուլիան Ասանժը ձերբակալվել է բրիտանական ոստիկանության կողմից: Կատարեք նվիրատվություններ»,- նշվում է ուղերձում: Նույն հաղորդագրության մեջ հղում է զետեղված ցանցի այն էջին, որով կարելի է մուծումներ անել WikiLeaks Defence Fund-ում: Հիմնադրամը պարզաբանում է, որ դրա միջոցներից վճարվում է Ասանժին պաշտպանող փաստաբանների և այն մարդկանց աշխատանքը, որոնք այդ կազմակերպությանը գաղտնի տվյալներ են տրամադրում հրապարակման համար: WikiLeaks-ը նաև Twitter-ում հրապարակել է Ասանժի լուսանկարը և գրել. «Այս մարդը որդի է, եղբայր ու հայր: Նա մեկ տասնյակից ավելի մրցանակներ է ստացել լրագրության բնագավառում: Սկսած 2010 թվականից՝ նա եղել է Խաղաղության Նոբելյան մրցանակի հավակնորդ: Հզոր ուժեր՝ ներառյալ Կենտրոնական հետախուզական վարչությունը, խորամանկ արշավ են վարում նրան արատավորելու, օրենքից դուրս դնելու և բանտ նստեցնելու նպատակով: Պաշտպանենք Ջուլիանին»,- ասված է ուղերձում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել