Հերթական անգամ հոգենլով հայաստանի քաղաքական-հասարակական ացուդարձից, օձերից ու սուտի սկանդալներից` որոշեցի էլի մի քիչ գրել իմ մասնագիտական թեմատիկաների վերաբերյալ: Այս անգամ կպատմեմ ձեզ դաստիարակության մի հետաքրքիր մոդելի մասին…

Ունենալով բավականին մեկուսացված աշխարհագրական դիրք` Տիբեթը դարերի ընթացքում շատ ինքնատիպ մշակույթ է ստեղծել, որի ամեն մի կողմը ունի շատ յուրահատուկ առանձնահատկություններ: Երեխաների դաստիարակության նկատմամբ կիրառվող սկզբունքները բացառություն չեն, և ես ձեզ կծանոթացնեմ դաստիարակության տիբեթյան մոտեցումներից կարևորագույններին: Ոչ մի նվաստացում կամ մարմնական պատիժ թույլատրելի չէ երեխայի նկատմամբ: Երեխաներին խփելու միակ պատճառը նա է, որ երեխան չի կարող պատասխանել:

-Կյանքի առաջին էտապում՝ մինչև 5 տարեկան, երեխային պետք է վերաբերվել ինչպես արքայի. ոչինչ չի կարելի արգելել, միայն կարելի է շեղել: Եթե նա ինչ-որ վտանգավոր բան է անում, ապա ընդունեք դեմքի վախեցած արտահայտություն և վախեցած բացականչեք: Երեխան նման լեզուն հասկանում է կատարելապես: Այս շրջանում երեխայի մոտ ձևավորվում են ակտիվությունը, հետաքրքրասիրությունը և հետաքրքրությունը կյանքի նկատմամբ, և երեխան ի վիճակի չէ կառուցելու երկար տրամաբանական շղթաներ: Օրինակ` երեխան կոտրել է թանկարժեք ծաղկամանը: Նա չի հասկանում, որ նման ծաղկաման գնելու համար անհրաժեշտ է շատ աշխատել և շատ գումար վաստակել, ըստ այդմ, ցանկացած պատիժ այս իրավիճակում ընկալվում է երեխայի կողմից որպես ուժային ճնշում: Արդյունքում, պատժելով երեխային, Դուք նրան սովորեցնում եք ոչ թե ծաղկամաններ չկոտրել, այլ պարզապես ենթարկում եք երեխային Ձեզ՝ ուժի սկզբունքով, իսկ դա Ձեզ պե՞տք է:

- Կյանքի երկրորդ էտապում՝ 5-10 տարեկան հասակում, երեխայի հետ պետք է վարվել ինչպես «ստրուկի». նրա առջև պետք է դնել խնդիրներ և պահանջել, որպեսզի այդ խնդիրները կատարվեն: Խնդիրները չկատարելու դեպքում կարելի է պատժել, բայց ոչ ֆիզիկական ուժ կիրառելով: Այս էտապում երեխայի մոտ ակտիվորեն զարգանում է ինտելեկտը: Երեխան պետք է սովորի կանխատեսել մարդկանց արձագանքը՝ իր գործողություններին և վարքին, ձևավորի դրական վերաբերմունք սեփական անձի նկատմամբ և խուսափի նեգատիվ դրսևորումներից: Այս փուլում մի վախեցեք երեխային «չափից ավել» գիտելիքներ տալուց:

Կյանքի երրորդ փուլում՝ 10-15 տարեկանում, երբ երեխան թևակոխում է իր զարգացման ամենասուր ճգնաժամի՝ դեռահասության փուլը, երեխային պետք է վերաբերվել ինչպես հավասարին: Ուշադրություն դարձրեք, որ ոչ թե իրոք երեխային հավասարեցնեք Ձեզ, կամ Դուք հավասարվեք երեխային, այլ վերաբերվեք ԻՆՉՊԵՍ հավասարի՝ հաշվի առնելով, որ այնուամենայնիվ նա դեռ այդպիսին չէ, քանի որ Դուք, միևնույն է, ունեք ավելի մեծ կենսափորձ ու գիտելիքներ: Խորհրդակցեք նրա հետ, ընձեռեք նրան ինքնուրույնություն և խրախուսեք իքնուրույնությունը նրա մոտ: Ձեր կարծիքն ու ցանկությունները շատ մեղմորեն մատուցեք նրան քննարկումների ժամանակ՝ խորհուրդների ու հուշումների միջոցով: Եթե Ձեզ ինչ-որ բան դուր չի գալիս, կարիք չկա շեշտադրումներ անել բացասական հետևանքների վրա, ինչպես նաև հարկ չկա ուղղակի արգելքներ սահմանելու, որովհետև հենց այս շրջանում են մարդու մոտ ձևավորվում ինքնուրույնությունն ու մտածելու ազատությունը:

- Վերջին փուլ՝ 15-ից մինչև հասունություն: Վերաբերվեք երեխային հարգանքով, որովհետև դաստիարակելու ժամանակն արդեն սպառվել է, և ժամանակն է քաղելու այն պտուղները, որոնք ցանել եք:

Իսկ ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ այս սկզբունքներին չհետևելը՝ ըստ տիբեթյան մտածելակերպի.

- Եթե երեխային ճնշում եք մինչև 5 տարեկանը, ապա Դուք ճնշում եք նրա հետագա կենսական ակտիվությունը, հետաքրքրությունը կյանքի նկատմամբ և իհարկե ինտելեկտը: Փոխարենը, Դուք ստիպում եք նրան առանց խորը մտորումների ենթարկվել բռնի ուժին և արդյունքում երեխային դարձնում եք պոտենցիալ զոհ՝ հետագա կյանքում հանդիպող ցանկացած սրիկայի համար:

- Եթե Դուք շարունակում եք երեխային երես տալ 5 տարեկանից հետո, ապա երեխան մեծանում է մանկամիտ, ծույլ և ընդհանրապես զրկված կամային հատկանիշներից:

- Եթե Դուք շարունակում եք խնամել երեխային 10 տարեկանից հետո, ապա նա մեծանում է անվստահ և կախվածության մեջ է ընկնում ավելի ինքնուրույն հասակակիցներից, որոնք հաճախ կարող են վատ ազդեցություն ունենալ նրա հետագա զարգացման վրա:

- Եթե Դուք հարգանք չդրսևորեք երեխայի նկատմամբ 15 տարեկանից հետո, ապա նա Ձեզ դա չի ների և կլքի Ձեզ առաջին իսկ հնարավորության դեպքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել