Դիզելային վառելանյութի եւ ազոտական պարարտանյութի բաշխման ծրագրի վերաբերյալ գյուղացիների պարբերաբար հնչեցրած դժգոհություններն այսօր պաշտոնապես հաստատել է նաեւ ֆինանսների նախարարությունը:
Այս ծրագրի իրականացումը Գեղարքունիքի, Արարատի, Կոտայքի եւ Շիրակի մարզերում ստուգելու արդյունքում նախարության վերահսկողական տեսչությունը ամենաշատ խախտումներն արձանագրել է հատկապես Արարատի մարզում, թեեւ, տեսչության պետ Սոնա Ղարիբյանի խոսքով, խախտումները քիչ չեն նաեւ Գեղարքունիքում:
Արարատի մարզում, պարզվել է, որ գյուղապետերը կեղծ ցուցակներ են ներկայացրել: Դրանցում գրվել է գյուղացուն իբր հատկացված վառելիքի մի քանակ, իրականում տրվել է շատ ավելի քիչ:
Պետությունից ավել ստացած եւ գյուղացիներին չտրամադրված վառելիքի ծավալը, ըստ Սոնա Ղարիբյանի, կազմում է. «2012թ.-ի գարուն-աշուն եւ 2013թ.-ի գարուն ժամանակահատվածի համար 170 000 լիտրից ավել, կամ այս մասով պետական բյուջեից հատկացված սուբսիդիայի գումարը կազմում է 18 մլն դրամ»:
Այլ ստուգումների արդյունքում պարզվել է, որ գյուղացիների անունով դուրս է գրվել 220 000 լիտրից ավելի դիզվառելիք, բայց այդ գյուղերի բնակիչները ոչ թե պակաս են ստացել, այլ ընդհանրապես ոչ մի վառելիք էլ չեն ստացել: Արդյունքում պետական բյուջեից հատկացված ավելի քան 21 մլն դրամը, մեղմ ասած, գրպանվել է: Որոշ համայնքներում էլ դիզվառելիք ստացել են, բայց հայտնի չէ, թե ում են տվել, որովհետեւ ստացողների ցուցակներ ստուգողներն այս գյուղերում չեն էլ հայտնաբերել: Այստեղ էլ 44 մլն դրամի վառելիքի յուրացում է տեղի ունեցել:
Այսպիսով, միայն Արարատի մարզում պետությանը պատճառված վնասը կազմում է 83 մլն դրամ:
Իսկ օրինակ Շիրակի մարզում պարարտանյութի յուրաքանչյուր պարկի դիմաց գյուղացիներից 100-500 դրամ գումար է գանձվել, ինչն ապօրինի է:
Գեղարքունիքի մարզում էլ ստացողների կեղծ ցուցակներ են կազմվել, որոնցում ներկայացված անձանց տվյալները պատկանում են հանրապետության այլ տարածքներում գրանցված եւ բնակվող քաղաքացիների:
Պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք ստուգումների ընթացքում հասատատվել են մամուլում առկա այն տեղեկությունները, թե պետությունից անվճար վառելիք են ստացել Մխչյան գյուղում բնակվող եւ անապահով չհամարվող ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հարազատները, վերահսկողության տեսչության պետն այսպես պատասխանեց. «Մենք Մխչյան գյուղում ընդհանրապես ստուգումներ չենք անցկացրել, որովհետեւ, ճիշտ է, ինքը մեծ գյուղ է եւ շատ տնտեսություններ ունի, բայց ընդամենը 15 անձ էր ցուցակով ստացել, եւ ցուցակում ընդգրկված անձինք ակնհայտ է, որ ստացել էին, այլապես չէին ընդգրկվի ցուցակում: Մենք գնացել ենք այլ ցուցակների հետեւից, որտեղ որ կասկածում էինք, որ կեղծ ցուցակներ են կազմված: Իսկ ինչ վերաբերում է Հովիկ Աբրահամյանի եղբորը եւ նրա հետ կապված անձանց, նրանք կարող էին ստանալ, որովհետեւ համայնքի բնակիչ են համարվում»:
Ինչ վերաբերում է ԱԺ նախագահի հարազատների անապահով համարվելու հարցին, Սոնա Ղարիբյանը մեկնաբանեց. «Կառավարության որոշմամբ նման սահմանափակում չկա, ու յուրաքանչյուր հարուստ կարող է օգտվել եւ օգտվել է, փաստ է, այս ծրագրից: Ուղղակի հարուստներին ընձեռվել է (քանի որ նրանց գրպանի պարունակությունը շատ է) 30-40 հազար տոննայի չափով, իսկ այն գյուղացիները, որոնց գրպանի պարունակությունը շատ ավելի սահմանափակ է, միջինը 500 կգ են ստացել, այսինքն՝ 0.5 տոննա»:
Սոնա Ղարիբյանը դժվարացավ հիշել Մխչյան գյուղից ծրագրում ներգրաված բոլոր Աբրահամյանների անունները, բայց նշեց. «Հովհաննես Աբրահամյան կար, ոչ թե Հովիկ, Հենրիկ Աբրահամյան եւ այլն»:
Տեսչության պետը նաեւ հստակ հիշեց, որ Մխչյանում ցուցակում ընդգրկված 15 անձանց բաշխվել է ավելի քան 70 000 լիտր դիզվառելիք, որից իր հիշատակած Աբրահամյանները ստացել են համապատասխանաբար 35 000 եւ 15 000 լիտր վառելանյութ: Փաստորեն գյուղին հատկացված 70 000-ից 50 000-ը ստացել են միայն Աբրահամյանները:
Ի դեպ, նշենք, որ պետական աջակցության ծրագրից օգտվող գյուղացիների ցուցակները կազմվում են համայնքների ղեկավարների կողմից, բայց դրանց վերջնական հաստատումը կատարում է մարզպետը: Իսկ ահա ծրագրի հսկողության պատասխանատուն ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն է: