Դուբայի օդանավակայանում բերման են ենթարկել Մեծ Բրիտանիայի քաղաքացի 55-ամյա Լալեհ Շահրավեշին՝ իր նախկին ամուսնու նոր կնոջը Facebook-ում «ձի» անվանելու համար:

Շահրավեշը Դուբայ է ժամանել նախկին ամուսնու հուղարկավորությանը մասնակցելու համար: Միացյալ Արաբական Էմիրությունների օրենքների համաձայն՝ սոցցանցերում արված վիրավորանքները կիբերհանցագործություն են համարվում, և այժմ կնոջը մինչև 2 տարի ազատազրկում է սպառնում և մինչև 65.000 դոլարի չափով տուգանք, հաղորդում է BBC-ն:

Պարբերականի տվյալներով՝ կինը նախկին ամուսնու հետ ապրել է 18 տարի, որից 8 ամիսը՝ Դուբայում: Դստեր հետ Մեծ Բրիտանիա տեղափոխվելուց հետո նրանք ամուսնալուծվել են:

Շահրավեշը ամուսնու հարսանիքի մասին տեղեկացել է 2016 թ.-ին՝ Facebook-ում տեղադրված լուսանկարներից: Դրանցից մեկին նա մեկնաբանություն է արել. «Հույս ունեմ, որ դու կսատկես, ապուշ: Սատանան քեզ տանի: Դու ինձ թողեցիր այս ձիու պատճառով»: Դրանից հետո նախկին ամուսնու կինը դիմել է դատարան:

Image result for Facebook

Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի նախարարությունը փորձել է համոզել կնոջը մեղադրանքը հետ վերցնել, սակայն նա հրաժարվել է:

Նշվում է, որ Facebook-ը և Instagram-ը վաղուց են հետևում կրոնական համոզմունքների, ռասայական և էթնիկ պատկանելության հետ կապված ատելության տարածումը կանխող քաղաքականությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել