Գրառումը ներկայացվում է անհայտ, բայց հարուստ հրատարակչի անունից, ով իր իսկ դեպքով բացատրում է բիզնեսում և վաճառքում հաջողության հասնելու ամենակարևոր և առաջին կանոնի մասին: Ուրեմն այսպես, Բիզնեսում և վաճառքում հաջողության հասնելու առաջին կանոնը`
Իմ պահարանը բաղկացած էր ընդամենը երեք կոստյումներից: Լավ իմանալով, որ մարդու մասին առաջին ու ամենաուժեղ տպավորությունն առաջանում է հագուստից, ես միանգամից այցելեցի իմ ծանոթ դերձակի մոտ: Գրպանումս ունենալով ընդամենը 50 դոլար` ընտրեցի երեք ամենաթանկ կոստյումի համար կտորներ: Կյանքում նման թանկ կտորով հագուստ չէի կրել: Այնուհետև դերձակին խնդրեցի, որ այն անմիջապես կարի: Այս կոստյումներն ինձ վրա նստեցին մոտ 375 դոլար: Ի ուրախություն ինձ, դերձակը վստահեց խոստումիս ու անմիջապես այդ գումարը չպահանջեց, քանի որ իսկապես հնարավորություն չունեի վճարելու:
Այնուհետև ընկերներիցս պարտքով գումար վերցրեցի ու գնեցի մի քիչ ավելի էժան երեք կոստյումներ, ինչպես նաև վերնաշապիկների ու փողկապների ոճային տեսականի: Երբ հագա առաջին թանկ կոստյումը, միանգամից ներսումս հայտնվեց ինքնավստահության մի մեծ զգացում, ես ավելի էի ինձ հավատում, քան այն ժամանակ, երբ էժան հագուստ էի կրում:
Ամեն առավոտ հագնում էի կոստյումներից մեկն ու նույն ժամին քայլում մի փողոցով: Ես հատուկ էի այդ փողոցով քայլում, քանի որ գիտեի` մի հարուստ մարդ, ով ուներ տպագրական մեծ ընկերություն, այդ ժամերին փողոցով քայլում էր, որպեսզի գնա ընդմիջման: Ամեն օր նրան բարևում էի, մեկ-մեկ էլ կանգնում էի ու մի երկու րոպե զրուցում այս մարդու հետ: Եվ այդպես շարունակվեց մոտ մեկ շաբաթ:
Մեկ շաբաթից հետո որոշեցի այս հարուստին բարևել ու կողքով անցնել` առանց բառ փոխանակելու, քանի որ հետաքրքիր էր նրա ռեակցիան: Ես նրան տեսա, բարևեցի ու անցա, սակայն մեկ քայլ էլ չէի արել, երբ նա պտտվեց, ձեռքը դրեց ուսիս ու ասաց.
_Դուք շատ ծաղկող տեսք ունեք, որտեղից եք գնում այս կոստյումները?
_Հատկապես այս կոստյումը կարել է Ուիլկի ընդ Սելերի ընկերությունը,_պատասխանեցի ես: Անմիջապես նա հարցրեց, թե ինչով եմ զբաղվում, քանի որ նրա հետաքրքրությունը շարժել էր իմ ամենօրյա նոր կոստյումները: Ես հենց դրան էի սպասում: Գրպանիցս հանեցի Կուբայից ներկրված, բայց կյանքի գնով ձեռք բերած սիգարը և պատասխանեցի.
_Ես իմ ժուրնալի առաջին համարն եմ պատրաստում, որի վերնագիրն է լինելու Հաջողության ոսկե կանոնը:
Զրուցակիցս միանգամից իր ուսերն ուղղեց ու ասաց.
_Ընկերս, մի մոռացեք, որ ես էլ եմ զբաղվում տպագրությամբ և ժուրնալների վաճառքով: Ես կարող եմ նաև Ձեզ օգնել, որպեսզի տպենք և իրականացնենք վաճառքը:
ԵՍ ՀԵՆՑ ԱՅՍ ՊԱՀԻՆ ԷԻ ՍՊԱՍՈՒՄ: Այս պահի համար էի այդքան պարտք վերցրել ու գնել կոստյումները: Զրույցը երբեք չէր լինի, եթե այդ հարուստ մարդն ինձ ամեն օր տեսներ անճաշակ, նույն հնամաշ հագուստով և աղքատությունից տխուր աչքերով:
Նա ինձ հրավիրեց լանչի, որտեղ համոզում էր, որ պայմանագիրն անպայման իր հետ կնքեմ, որպեսզի նա տպագրի և վաճառի իմ ժուրնալը: Ես ուղղակի ցնցված էի այդ մարդու պահվածքից և համաձայնվեցի, քանի որ երազանքս կատարվեց` իմ ժուրնալը տպագրվելու էր այդ հարուստ տպագրիչի մոտ, իսկ վաճառքից հետո նոր գումարը փոխանցելու էի նրան: Ես հասել էի նպատակիս:
Եվ այս ամենն իհարկե եկավ իմ արտաքին տեսքից, որը թողել էր շատ կրակոտ, վառ ու բարեհամբույր տպավորություն: Այդ հագուստն էր, որ իմ մեջ ներշնչել էր սեփական ուժերի նկատմամբ աննկարագրելի հավատ: Բայց որտեղի՞ց ես իմացա այս հագուստի դասի մասին:
Այս դասն ինձ տվեց իմ լավագույն ընկերներից մեկը` Էդվին Բարնսը, ով շեշտեց`
_Բիզնեսում և վաճառքում, առանց գրավիչ հագուստի երբեք հնարավոր չէ հասնել հաջողության:
Բարնսը Թոմաս Էդիսոնի գործընկերն էր, ով ուներ ամենաշատ թանկ կոստյումների հավաքածուն: Նրա պահարանում առկա էր 31 կոստյում, որը նախատեսված էր ամսվա մեջ մեկ անգամ հագնելու համար: Բարնսը երբեք նույն կոստյումը չէր հագնում երկու օր, ուստի հետաքրքրությունից դրդված` մի անգամ ես նրան հարցրեցի.
_Էդ, կարո՞ղ ես քո հին կոստյումներից մեկ հատն ինձ տալ:
Ինչին Բարնսը պատասխանեց.
_Ես ընդհանրապես հին կոստյում չունեմ: Այս կոստյումները հագնում եմ ոչ թե նրա համար, որ մարդկանց վրա տպավորություն թողնեմ, այլ ինձ համար: Ես ընդհանրապես չէի հասնի հաջողության, եթե չհասկանայի հագուստի հոգեբանության կարևորությունը: Այն ավելացնում է իմ ինքնավստահությունը:
Հ.Գ. Ուղղակի նայեք Ձեր շրջապատին և կհամոզվեք, որ Ձեզ վրա առաջինը տպավորություն են թողնում հենց այն մարդիկ, որոնք ունեն հիանալի ճաշակ ու հագնում են թանկ հագուստ: Սա է մարդու հոգեբանությունը, կամ այսպես ասած փաթեթավորումը, քանի որ արտաքինից ոչ մեկին չի հետաքրքրում ուղեղի պարունակությունը, եթե փաթեթավորումը տպավորիչ չէ: Շատ լավ կանոն է, հետևեք ու կհասնեք լուրջ հաջողությունների, թե անձնական կյանքում, թե բիզնեսում: