Երկրագնդի վրա մի շարք յուրահատուկ վայրեր և շինություններ կան, որոնք այսօր անվանվում են աշխարհի հրաշալիքներ։ Ցավոք սրտի, դրանց մի մասն արդեն անհետացել է, իսկ մեծ մասն էլ վերացման վտանգի տակ է։ Նրանք ավիրվում են, անցնում են ջրի տակ կամ քայքայվում են։ Գիտնականները և երկրաբանները ահազանգում են, իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ն կազմում է այն մշակույթային վայրերի ցանկը, որոնց վտանգ է սպառնում, սակայն ժամանակը, փոփոխվող կլիման և մարդկային գործոնը թողնում են իրենց հետքը։

Կոլիզեյ, Իտալիա

2016 թվականին Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժը մի շարք ավերածությունների պատճառ դարձավ։ Վնասվեց նաև Իտալիայի խորհրդանիշներից մեկը՝ հռոմեական Կոլիզեյը: Նրա պատերին մի շարք նոր ճեղքեր առաջացան։ Մինչ այդ հռոմեական իշխանությունները հայտնել էին, որ կառույցի հարավային հատվածի բարձրությունը 40 սմ-ով նվազել է։ Կոլիզեյը գտնվում է Հռոմի ամենամարդաշատ շրջաններից մեկում, այդ պատճառով այն անընդհատ ենթարկվում է մի շարք գործոնների ազդեցության։

Չինական մեծ պատ

Մարդու կողմից կառուցված ամենամեծ շինություններից մեկը նույնպես կործանման շեմին է։ Գյուղատնտեսության զարգացումը դարձել է էրոզիայի պատճառ, որի պատճառով պատի մի մասը սկսել է քանդվել։ Ներկայումս ավելի քան 1 կմ երկարությամբ հատված ամբողջովին վերացել է։ Բացի այդ՝ պատը նախկինում ունեցել է 15 մետր բարձրություն, իսկ հիմա նրա բարձրությունը հասնում է 5 մետրի։

Մաչու-Պիկչու, Պերու

Մի շարք հնէաբաններ և քիմիկոսներ համոզված են, որ մոտ ժամանակներս ինկերի պատմական քաղաքը կարող է անհետանալ։ Վերջին տասնամյակում համալիրի վիճակը բավականին վատթարացել է, քանի որ գրանիտային ապարները, որոնցով կառուցվել է քաղաքը, մանրէների և բակտերիաների կողմից ոչնչացվում են։

Պոմպեյ, Իտալիա

Վեզուվի լավայի տակ մնացած Պոմպեյի ավերակները կրկին անհետանալու վտանգի տակ են հայտնվել։ Վերջին մի քանի տարվա ընթացքում այստեղ մի քանի պատեր և շինություններ են ավիրվել։ Հաճախակի տեղացող անձրևների պատճառով շինությունների պատերը չեն հասցնում չորանալ, իսկ նրանց տակ գտնվող հողը դառնում է շատ անկայուն։ 2014 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարել է, որ հարկավոր է կտրուկ քայլեր ձեռնարկել հողը չորացնելու համար։

Սեյշելյան կղզիներ

Հնդկական օվկիանոսում գտնվող 115 գեղեցիկ կղզիները կարող են հայտնվել ջրի տակ։ Մեղավորը կլիմայի փոփոխությունն է. բարձր ջերմաստիճանի պատճառով ոչնչանում են կորալային պատնեշները, բարձրանում է ջրի մակարդակը, ոչնչանում են ամբողջական էկոհամակարգեր։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել