Այսօր մասնակցել եմ Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի օծման հանդիսավոր արարողությանը:
Համոզված եմ՝ այս օրվան` որպես երազանքի, շատերն են սրտատրոփ սպասել, հատկապես ստեփանակերտցիները, ովքեր եկեղեցու կառուցման ընթացքի «ամենաանհաբեր» հետևորդներն էին: Մայր տաճարն իր վեհագույն տեսքով ու հոգևոր ներկայությամբ դարձավ մայրաքաղաքի խորհրդանիշներից մեկը: Եվ այս գործում Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանի հետևողական աշխատանքն անգնահատելի է:
Օգտվելով առիթից՝ իմ համեստ երախտագիտության խոսքն եմ հղում եկեղեցու կառուցման համար իրենց լուման ներդրած բոլոր բարերարներին: Իմ խորին ակնածանքն եմ հայտնում հատկապես Վարդանյան ընտանիքին, որը ամենախոշոր նվիրատուն է հանդիսանում: Վարդանյանների կողմից Արցախում իրականացված ծրագրերի մասին խոսելու բազմաթիվ առիթներ եմ ունեցել և համոզված եմ, որ այդ բարերար ընտանիքի մասնակցությամբ բազում նոր նախագծեր ենք իրականացնելու: