Հայաստանում «ֆեյքերի թեմայի» հերթական ակտիվացման ֆոնին հատկանշական է նույն խնդրի հետ կապված իսրայելական լուծումների օրինակը:

Հատկապես այդ երկրում ընթացող նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածում մի քանի կազմակերպություններ՝ Իսրայելի Ինտերնետ-ասոցիացիայի (ISOC-IL) գլխավորությամբ, նախաձեռնել են սոցիալական ցանցերում, այսպես կոչված, «ընտրական բոտերի» (տվյալ դեպքում՝ կեղծ հաշիվների) դեմ հետևողական պայքար: Այդ նպատակով անգամ ստեղծվել է հատուկ կայք՝ Isoc.org.il, որը հնարավորություն է ընձեռում յուրաքանչյուր քաղաքացու ստուգել կասկածելի հաշիվները և անգամ դիմել դրանք արգելափակելու պահանջով:

Նշվածի համատեքստում, ISOC-IL-ի ղեկավարի հավաստմամբ, կազմակերպությունը դիմել է Facebook սոցիալական ցանցի տնօրինությանը, ընդհանուր առմամբ, 44 կեղծ հաշիվների արգելափակման հարցով, որոնցից 30-ն արդեն իսկ արգելափակվել են. ի դեպ, դրանց 90%-ն իրականացրել է վարչապետ Նեթանյահուի և իշխող «Լիքուդ» կուսակցության քարոզչությունը: Ներկայում կազմակերպության կողմից ուսումնասիրվում են ևս մի քանի հարյուր հաշիվներ:

Շատ ավելի լուրջ է վիճակը Twitter սոցիալական ցանցում, որում իշխող կուսակցության քարոզչությունը շատ ավելի մեծ մասշտաբներ է ընդգրկել: Ընդդիմության նախաձեռնությամբ խնդիրը քննարկվել է անգամ ԿԸՀ-ում, հատուկ հայտարարությամբ խնդրին անդրադարձել է նաև վարչապետը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել