Ապրիլի 3-ին Ադիս-Աբեբա պաշտոնական այցի շրջանակներում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Եթովպիայի ԱԳՆ պետնախարար Մարկոս Թեկլե Ռիկեի հետ: Այս մասին հայտնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից։

Նախարար Մնացականյանը կարևորել է իր պաշտոնական այցելությունը Եթովպիա՝ ընդգծելով, որ աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների խորացումը, տարածաշրջանում Հայաստանի ներկայության ամրապնդման ուղղությամբ գործնական քայլերի ձեռնարկումը հանդիսանում են կառավարության առաջնահերթություններից մեկը։

Զոհրաբ Մնացականյանը և Մարկոս Թեկլե Ռիկեն գոհունակությամբ նշել են, որ Հայաստանի և Եթովպիայի միջև պատմականորեն ձևավորված և դարերի պատմությամբ միահյուսված կապերն ամուր հիմք են ստեղծում արդի փուլում երկկողմ բազմաոլորտ համագործակցության խորացման և ընդլայնման համար։ Այս համատեքստում Եթովպիայի ԱԳՆ պետնախարարն առանձնահատուկ ընդգծել է հայկական համայնքի պատմական դերը Եթովպիայի արդիականացման գործում:

ՀՀ ԱԳ նախարարն ու Եթովպիայի ԱԳՆ պետնախարարն ընդգծել են երկկողմ պատրաստակամությունը՝ համատեղ գործնական քայլեր ձեռնարկելու քաղաքական երկխոսության աշխուժացման համար առկա մեծ ներուժը հնարավորինս արդյունավետորեն օգտագործելու և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում ակտիվ համագործակցության ուղղությամբ: Երկուստեք բարձր է գնահատվել միջազգային կառույցներում հաստատված արդյունավետ փոխգործակցությունը, կարևորվել ոլորտային խորհրդակցությունների անցկացումը և իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը:

Ներկայացնելով Հայաստանի կառավարության բարեփոխումների օրակարգի առաջնահերթությունները՝ նախարար Մնացականյանն առանձնացրել է բարձր տեխնոլոգիաների, նորարարության և ստեղծագործ կրթության ոլորտները՝ դրանք դիտարկելով նաև հայ-եթովպական երկկողմ օրակարգի հավանական բաղադրիչ: Այս համատեքստում ԱԳ նախարարն ընդգծել է, որ պատահական չէ իր գլխավորած պատվիրակության կազմում նաև հայաստանյան ՏՏ ոլորտի առաջատար ընկերությունների ներկայացուցիչների ներգրավումը, ինչը լավ հնարավորություն է ընձեռում աֆրիկյան գործընկերների հետ առարկայական քննարկումներ անցկացնելու համար և ուրվագծելու հետագա փոխշահավետ համագործակցության հեռանկարները։

Մտքեր են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային մի շարք հրատապ հարցերի շուրջ։ Նախարար Մնացականյանը զրուցակցին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման գործընթացի շուրջ վերջին զարգացումները և հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի մոտեցումներն ու դիրքորոշումը:

Հանդիպման ավարտին Զոհրաբ Մնացականյանը և Մարկոս Թեկլե Ռիկեն ստորագրել են ՀՀ արտաքին գործերի նախարարության և Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև երկկողմ համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր, որը, նախարար Մնացականյանի խոսքով, նոր հեռանկարներ է բացում արտաքին քաղաքական երկու գերատեսչությունների միջև համագործակցության խորացման ուղղությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել