168.am-ը գրում է.

2019 թվականի ապրիլի 2-ին լրանում է Կոտայքի  մարզի Պռոշյան համայնքի ղեկավար, Արցախյան ազատամարտի հերոս Հրաչ Մուրադյանի սպանության 6-րդ տարելիցը:

Հայ հեղափոխական դաշնակցությունը բողոքի ակցիա է իրականացնում ՀՀ գլխավոր դատախազության դիմաց՝ պահանջելով բացահայտել ոճրագործության կազմակերպիչներին, կատարողներին, օժանդակողներին և պատասխանատվության ենթարկել:

«Հրաչ Մուրադյանի սպանությանը նախորդել էին նրա կյանքին վերջ տալու հանցավոր փորձեր, որոնց հանդեպ իրավապահ համակարգի անգործությունը նաև հանգեցրեց 2013թ.ապրիլի 2-ի ոճրագործությանը: Շարունակվող անտարբերության գլխավոր պատճառը, թերևս, այն է, որ Հրաչ Մուրադյանը չէր հանդիսանում իշխող ուժի ներկայացուցիչ: Փոխվել են ժամանակները, փոխվել են իշխանությունները, սակայն չեն փոխվել մոտեցումները»,- ասացին ՀՅԴ բողոքի ակցիայի մասնակիցները:

«6 տարի է, չի դադարել հանրային պահանջը՝ բացահայտելու այս ստոր արարքի պատվիրատուներին, դրդողներին: 6 տարի  անընդհատ թե՛ Պռոշյան համայնքում, թե՛ բոլոր բնակավայրներում Հրաչ Մուրադյանին ճանաչող մարդիկ հետևողական են սպանության բացահայտման հարցում: 6 տարի հրապարակային միջոցառումներ են եղել՝ պահանջելով, որ իրավապահ համակարգը ապահովի գործի լիարժեք բացահայտումը, իսկ մենք հանդիպել ենք այս համակարգի անգործությանը, անտարբերությունը: Սա անթույլատրելի է»,- ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը:

«Եղել է գույքի հրկիզում, արհեստական վեճ են հրահրվել, առևանգման փորձ է կատարվել: Ընտրական գործընթացի ժամանակ նրա ու համախոհների  նկատմամբ ապօրինի գործողություններ են իրականացվել, որի նկատմամբ իրավական համակարգը անտարբեր էր, հաճախ փորձ էր անում քողարկել, ստեղծել կեղծ պատրանքներ, թե իբր այս ամենում Հրաչ Մուրադյանն է մեղավոր: Ապացույցների կեղծման միջոցով փորձել են շեղել ամբողջ քրեական գործը»,-  հավելեց Արծվիկ Մինասյանը:

Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջեցին, որպեսզի գա, նրանց հետ հանդիպի ՀՀ գլխավոր դատախազը, ով քրեական գործի մանրամասներ կհայտնի նրանց:

Բողոքի ակցիայի մասնակցիներից երեք հոգի հնարավորություն ստացան հանդիպել  ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: Հանդիպումը տևեց մոտ 30 րոպե:

«Հանդիպեցինք, ներկայացրեցինք մեր պահանջը, նա հավաստիացրեց, որ չնայած գործի վարույթի կասեցմանը՝ այս պահին գործողություններ ընթանում են, խոստացավ, որ 10 օրից կհանդիպենք, կոնկրետ գործողությունների ու որոշման մասին մեզ տեղյակ կպահեն:

Գլխավոր դատախազը խոստացավ գործը իր հսկողության տակ պահել, խորհրդակցություն հրավիրել: Մեր հիմնական պահանջն այն է, որ գործը վերսկսվի: Չենք վստահում նաև քննչական խմբին, որին 5 տարի անց կրկին հանձնեցին գործը՝ վերաբացվելուց հետո:  Նոր քննչական խումբ պետք է  լինի, դա ուժի մեջ է: Թե ո՞ր մարմինը կլինի քննչական վարույթ իրականացնող նոր մարմինը ՝ 10 օրից կպատասխանեն: Համբերությունը լցվել է, եթե առաջիկայում գործողություններ չլինեն՝ կոնկրետ քայլերի կդիմենք, օրինակ՝ Դատախազության դիմաց վրան կտեղադրենք»,- լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Հիշեցնենք, որ 2013-ի ապրիլի 2-ին Պռոշյանի համայնքապետարանի դիմաց հայտնաբերվեց գյուղապետ Հրաչ Մուրադյանի դին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել