Դիտեցի Նազենի Ղարիբյանի հարցազրույցը, որտեղ նա մանրամասն բացատրում է իր որոշման պատճառները՝ հենց սկզբից ակնարկելով, որ սա ոչ թե իր որոշումն է, այլ կառավարության։ Նազենիի հարցազրույցն իսկապես լավն էր, և շատ պարզ երևաց մի բան. տիկին Ղարիբյանը սառը հաշվարկով, պետության անունից հանդես եկող արտ մենեջեր է, որը թքած ունի, որ իր որոշումների հետևում մարդիկ են կամ ճակատագրեր։

Այս կնոջ որոշումների հիմքում մշակութային քաղաքականության ռացիոնալությունն է, իսկ թե դա ում է վերաբերում, իրեն դա չի հետաքրքրում։ Ու չի հետաքրքրում շատ պարզ պատճառով. Նազենին Ֆրանսիայի քաղաքացի է, երկար տարիներ այնտեղ զբաղվել է արվեստով և խորապես համոզված է, որ Հայաստանում մշակույթ չկա։ Կան գավառական արվեստի օջախներ, որոնք բեռ են բյուջեի հաշվին, ու որոնց առանց ավելորդ ձևականության փորձում է կրճատել։

Եվ անկեղծորեն զարմանում է, հետո զայրանում էմոցիոնալ հակազդեցությունից։ Որովհետև նախ՝ Նազենին չգիտի ժամանակակից հայ արվեստը, բայց և չի էլ ուզում իմանա։ Նա չի հաճախում պրեմիերաներին, չգիտի դերասանների, նկարիչների, կոմպոզիտորների մեծ մասին և անկեղծորեն չի էլ ցանկանում իմանալ։ Դուք կփորձեի՞ք ճանաչել մարդկանց, ում համարեիք պրովինցիալ խոտան։ Իհարկե ոչ, հետևաբար այդ կինը շատ ինքնավստահ իր գործն է անում։ Եվ շարունակելու է անել, որովհետև նա հիմա չի նահանջել, այլ նույն որոշումը կյանքի կկոչի այլ տարբերակով, այլ ուղիով։

Իսկ կառավարության համար բարձրարժեք արվեստը հակահեղափոխական է. այն չի արտացոլում զանգվածների ճաշակը, այլ կրթական ցենզ ու կոնկրետ ճաշակ ունեցողների համար է, այսինքն՝ ինտելիգենցիայի կամ մտավորական ընտրախավի։ Իսկ հենց այդ խավից էլ ամենաշատն է զզվում կառավարությունը, լինի մշակութային, տնտեսական, թե հասարակական։ Հետևաբար, երբ Նազենին որոշում էր Օրբելյանին հանել, կառավարությունում ոչ ոք չի ասել՝ մի րոպե, իսկ լա՞վ ես մտածել, ճիշտ հակառակը՝ ասել են՝ իհարկե, ի՞նչ կա որ։

Իհարկե, «ի՞նչ կա որ»-ն առաջիկայում կունենա շարունակություն և կընդգրկի բոլոր այն ոլորտները, որտեղ զանգվածային մտածողությունն ու ճաշակը փոքրամասնություն են, որովհետև դրանք իրենց համար խորթ ու վտանգավոր օջախներ են, որոնց պետք է լռեցնել, փակել կամ կտրել ֆինանսավորումից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել