Հատված Գարեգին Ա-ի հարցազրույցից
- Մեր օրերում ընտանիքը նույնպես դարձել է ընկերային այն հաստատություններից մեկը, որոնք ապրում են շատ խոր ճգնաժամ: Որո՞նք են, ըստ Ձեզ, այդ ճգնաժամի պատճառները:
- Չլինելով ընկերաբան՝ ես չեմ կարող իմ մասնավոր ուսումնասիրությունների հիման վրա Ձեզ մանրամասն պարզաբանումներ տալ: Հետևաբար, ես իմ տեսակետը կներկայացնեմ իբրև սոսկ հասարակ դիտարկում: Ըստ իս, կա ընտանիքի ճգնաժամի երեք պատճառ:
Առաջինը դաստիարակության համակարգն է: Դպրոցն այսօր չպետք է միայն իմացության կամ գիտելիքի տարբեր մարզերից տեղեկություններ հաղորդի, ինչն ընդհանրապես և դժբախտաբար արվում է: Պետք է սովորեցնի մերձավորի, ուրիշի հետ հարաբերություն հաստատելու հմտություն: Այդպիսի «բարոյական դաստիարակության» բացակայությունն է ընտանիքի զգացողության թուլացման պատճառներից մեկը:
Երկրորդ պատճառը զանգվածային լրատվամիջոցներն են: Անձամբ ես այն կարծիքին եմ, որ այսօր դեռևս կան ոչ քիչ լավ ընտանիքներ: Բայց հեռատեսիլը, լրագրերը և մյուս լրատվամիջոցները մեզ հրամցնում են բացառապես հոռի, ապականված բարքեր: Այդ կերպ վարվելով՝ նրանք խրախուսում են ամեն տեսակի շեղումները, բացառությունները ներկայացնում որպես կանոն: Հասարակության մեջ ընտանիքի տեղն ու դերը զանգվածային լրատվամիջոցների կողմից թերագնահատվում են կամ անտեսվում: Ես նկատել եմ, որ ԱՄՆ-ում, մասնավորապես գյուղական վայրերում, ընտանեկան կյանքը հիմա էլ գնահատվում է շատ բարձր: Ուստի, լրատվամիջոցները, թեկուզ և անաչառության նկատառումներով, պետք է մեզ ներկայացնեն առողջ ընտանիքների օրինակներ:
Երրորդ. ես կարծում եմ, որ եկեղեցիները նույնպես պատասխանատվության բաժին ունեն այն առումով, որ իրենց քարոզները չեն կապում մարդկանց կյանքի հետ: Շատ հաճախ մենք խոսում ու գրում ենք աստվածաբանական այնպիսի նյութերի մասին, որոնք իրական կյանքից և մարդուն օրեցօր հուզող հիմնախնդիրներից բավականաչափ հեռու են: Մենք վատ ենք կատարում ժողովրդի խիղճը ձևավորելու և քրիստոնեական հավատքով դաստիարակվածներին կողմնորոշվելու հնարավորություն տալու խնդիրը, որպեսզի նրանք հարադրեն քրիստոնեական բարոյականության սկզբունքներն այն ազատության չափանիշներին, որն Աստված շնորհել է յուրաքանչյուր մարդու:
Աղբյուր՝ Գարեգին Ա-ի զրույցները Ջովաննի Գուայտայի հետ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել