Լսեցի ՀՀ մշակույթի գործերի ժամանակավոր «սպասարկու» Նազենի Ղարիբյանի պատճառաբանություններն Օպերայինի տնօրեն Կոնստանտին Օրբելյանին աշխատանքից ազատելու պատճառների վերաբերյալ․․․
Պարզվում է՝ օրինականությունից խոսող պաշտոնյան գաղափար չունի այն օրենքի վերաբերյալ, որի հիման վրա Օրբելյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
Մի կողմ թողնենք այն, որ նա մի դարակազմիկ գյուտ հեղինակեց առ այն, թե գերակա շահը վերաբերում է միայն շենքերին (ասում են՝ նրա այս մտաժայթքումից հետո քաղաքացիական իրավունքի մասնագետներից ոմանք ինքնասպանություն գործելու լուրջ մտորումների մեջ են)․․․
Երեկ Նազենի Ղարիբյանը հայտարարեց, որ Օրբելյանն ազատվել է աշխատանքից, քանի որ՝
ա) չի տիրապետում հայերենին,
բ) չէր կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել այլ վճարովի աշխատանք․․․
Պարզվում է՝ նախարարի բազկաթոռը ծանրաբեռնող այս տիկինը, ով ընդամենն օրեր առաջ ԱԺ գլխավոր ամբիոնի առաջ կարկամել էր ամենահասարակ հարցերից, տեղյակ չէ, որ ՊՈԱԿ-ների մասին ՀՀ օրենքով ՊՈԱԿ-ի տնօրենի համար հայերենին տիրապետելու պահանջ նախատեսված չէ։
Ինչ վերաբերում է համատեղության արգելքին, ապա նախ՝ այդ արգելքը չի գործում ստեղծագործական բնույթի աշխատանք կատարելու դեպքում, իսկ, իմ կարծիքով, գեղարվեստական ղեկավարի աշխատանքն ունի հիմնականում ստեղծագործական բնույթ։ Եթե անգամ դա այդպես չէ, ապա նույն օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ համատեղության արգելքի հիմքով ՊՈԱԿ-ի տնօրենի լիազորությունները դադարեցվում են համապատասխան իրադարձությանը հաջորդող մեկ ամսվա ընթացքում։
Այսքանը՝ նախնական դիտարկման կարգով։
Պատրաստ եմ ցուցաբերել մասնագիտական աջակցություն։
Ես որևէ անձնական շահագրգռվածություն չունեմ, պարզապես չեմ ընդունում պաշտոնյաների արկածախնդրությունը և, առհասարաակ, դիլետանտ նախարարացուների կադրասպան քաղաքականությունը՝ հատկապես գիտության և մշակույթի ոլորտում․․․