Hraparak.am-ը գրում է․

Վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը մարտի 11-ին Մոսկվա էր մեկնել՝ հանդիպելու իր ռուսաստանցի պաշտոնակցին՝ Դմիտրի Պեսկովին, ապա նաեւ ռուսական որոշ լրատվամիջոցների ու խմբագիրների հետ։ Այցի մասին կցկտուր պաշտոնական տեղեկություններ հրապարակվեցին, սակայն օրեր անց ռուսական կողմից մեզ որոշ մանրամասներ են փոխանցվել Վլադիմիր Կարապետյանի մոսկովյան հանդիպումների մասին։ 

Վլադիմիր Կարապետյանի մեկնումը Մոսկվա մասամբ նպատակ ուներ հարթել հայ-ռուսական հարաբերություններում օրեցօր խորացող սառնությունը եւ մասնավորապես՝ կանխել ռուսական լրատվամիջոցներում հայահայկական քարոզչությունը։ Պեսկովի հետ խիստ պաշտոնական հանդիպումից հետո Կարապետյանը հանդիպել է նաեւ ռուսական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ։ Մեր տեղեկություններով, ռուսական իշխանությունը որոշել է ՀՀ վարչապետի ներկայացուցչին «դաս տալ» ռուսահպատակ հայազգի գործիչների ձեռքով, եւ հանդիպմանը ներկայացել են «Ռաշա թուդեյ» կայքի խմբագիր, Պուտինի աջ ձեռք Մարգարիտա Սիմոնյանը՝  ամուսնու՝ Տիգրան Քեոսայանի հետ, եւ աղմկահարույց «Գործ N մարտի 1» ֆիլմի ռեժիսոր Ռոման Բաբայանը։

Կրեմլի «լիազոր ներկայացուցիչները» ՀՀ վարչապետի խոսնակի առաջ են դրել ռուսական կողմի դժգոհությունների այն ամբողջ փաթեթը, որի մասին մամուլը պարբերաբար գրում է հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման մասին հրապարակումներում՝ Ռոբերտ Քոչարյանի կալանքից մինչեւ գունավոր հեղափոխությունների արեւմտյան թրեյնինգներ։ Ապա ցանկացել են լսել Կարապետյանին, սակայն երբ համոզվել են, որ խոսակցությունն «ուսուցիչների ու սանի» մակարդակում չէ՝ իրենց զրուցակիցը ո՛չ հետեւություններ է անում ասվածից, ո՛չ արդարանում է, ընդհատել են խոսակցությունը՝ համարելով, որ շարունակելն անիմաստ է։ 

Մեզ հետ զրույցում Վլադիմիր Կարապետյանը հաստատեց, որ հանդիպումը եղել է Մարգարիտա Սիմոնյան-Տիգրան Քեոսայան-Ռոման Բաբայան կազմով։ Իսկ երբ հարցրինք հանդիպման մանրամասներից եւ այն մասին, թե խոսակցությունը «չի ստացվել», զայրացավ․ «Սա ի՞նչ ֆանտաստիկա է, ո՞վ կարող է նման բան ասել։ Ինչպե՞ս կարող էր նման տեղեկատվություն փոխանցվել թերթին, եթե ներկա ենք եղել ես ու այդ երեքը»։ Ապա պնդեց, որ դա աբսուրդ է, ու ընդգծեց՝ բաժանվել ենք ժպտալով։ 

Նշենք նաեւ, որ այս հանդիպումը եղել է ՌԴ առաջատար լրատվամիջոցների հետ հանդիպումից առանձին։ Վլադիմիր Կարապետյանը մեզ ուղղեց՝ հանդիպել է ոչ թե ռուսական առաջատար լրատվամիջոցների, այլ Հայաստանին ու տարածաշրջանին անդրադարձող վերլուծաբանների ու խմբագիրների հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել