Operativ.am-ը գրում է.

Մեկնարկել է կառավարության նիստը, որը վարում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նիստում ներկայացրել է ընտանիքում բռնության ենթարկվածների ապաստարանների անձնակազմին ներկայացվող պահանջներ, ընտանիքում բռնություն ենթարկվածների համար նախատեսված ապաստարանների ֆինանսավորման պայմանագրի օրինակելի ձև սահմանելու, ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի թիվ 10.78N որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ և ՀՀ կառավարության 2015 սեպտեմբերի 10-ի թիվ 10.69 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

«Հաշվի առնելով, որ 2018 թվականի հունվարի 31-ին ուժի մեջ է մտել ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին ՀՀ օրենքը, անհրաժեշտություն է առաջացել գործող օրենսդրությունը համապատասխանեցնելու օրենքում օգտագործվող հասկացություններին, ինչպես նաև սահմանել բռնության ենթարկվածների ապաստարաններին և դրանց անձնակազմին ներկայացվող պահանջները և կանոնակարգել ապաստարանին ծառայություններ տրամադրող կազմակերպություններին պետության կողմից տրամադրվող աջակցության հետ կապված հարաբերությունները»,- ասել է Զարուհի Բաթոյանը:

Նախարարը նշեց, որ նախագծով սահմանվում է նաև ընտանիքում բռնության ենթարկվածների ապաստարանների անձնակազմին ներկայացվող պահանջները, նվազագույն հաստիքներն, ըստ համապատասխան որակավորումների, ինչպես նաև սահմանվում է ընտանիքում բռնության ենթարկվածների համար նախատեսված ապաստարանների ֆինանսավորման պայմանագրի օրինակելի ձևը:

Բաթոյանն Ավինյանի հարցին ի պատասխան հավելեց, որ այս պահին ՀՀ-ում գործում է 2 ապաստարան, բացառապես ՀԿ-ների կողմից, և ՀՀ կառավարությունը դեռ ոչ մի ֆինանսական աջակցություն չի տրամադրում, սակայն այս տարի նախատեսում են դա իրականացնել:

Կառավարությունն այս հարցը միաձայն ընդունեց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել