Արդեն երկրի անվանումից պարզ է դառնում, որ այն կապ ունի Սոմալիի հետ։ Այս աֆրիկյան պետության պատմությունը շատ բարդ է։ Այն եղել է բրիտանական գաղութ, իսկ նրա հարևանությամբ գոյություն է ունեցել իտալական գաղութ։ Անկախություն ձեռք բերելուց հետո այս ազգերը որոշում են միավորվել և ստեղծել Սոմալի պետությունը, սակայն բնակչության մի հատված, որի մեծ մասն ապրում էր բրիտանական հատվածում, բողոքելով բռնատիրական ռեժիմի դեմ, որոշում է առանձնանալ։
Այս քայլի պատասխանը լինում է զինված բախումը։ Պատերազմի ավարտից հետո ստեղծվում է նոր պետություն՝ Սոմալիլենդը։ Երկիրն ունի իր սեփական ոստիկանությունը, բանակը, առողջապահությունը և սեփական գումարը։ Այնտեղ նաև անց են կացվում ընտրություններ։ Սակայն Սոմալիլենդը համաշխարհային ճանաչում չունի։ Ոչ մի երկիր, այդ թվում՝ նաև Սոմալին չեն ճանաչել Սոմալիլենդը։
Այսօր այս երկրի բնակիչների համար սովորական տեսարան է ավազի մեջ խրված տանկ տեսնելը։ Այսպիսի տանկեր այստեղ ավելի շատ են, քան խաղաղ բնակիչները։ Մարդիկ ապրում են աղքատության մեջ և առանց ջրի անհրաժեշտ պաշարի։
Զբոսաշրջիկներին խորհուրդ չի տրվում առանց զինված ուղեկցողների այցելել այս երկիր։ Եթե որևէ մեկը համարձակվի այցելել այստեղ, ապա նրան կկցեն երկու զինված թիկնապահ։ Սակայն սա նույնպես չի կարող ապահովել անհրաժեշտ անվտանգությունը։ Ճիշտ է, այդքան էլ շատ չեն իրենց կյանքը վտանգի ենթարկողները։ Երկրում տեսարժան վայրեր էլ առանձնապես չկան, շուրջբոլորն անապատ է՝ հազվադեպ հանդիպող մարդկանցով և ականապատված տարածքներով։ Այս միջավայրը ժամանակակից Սոմալիլենդը դարձնում է աշխարհի ամենավտանգավոր երկիրը։