Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ մարտի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 12: 00-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի և Արամվիրի բաժիններ ահազանգեր են ստացվել, որ մի քաղաքացի Արմավիրի մարզի գերեզմանոցներից մեկում փորձում է ինքնասպան լինել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն գործի են անցել ոստիկանության Արմավիրի բաժնի և ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանութան բաժանմունքի ծառայողները՝ Վաղարշապատի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Սեյրան Մարտիրոսյանի և ոստիկանության Արմավիրի բաժնի պետ Արմեն Խաչատրյանի գլխավորությամբ:

Ոստիկանները կարճ ժամանակում պարզել են այդ քաղաքացու բջջային հեռախոսահամարը և ոստիկանապետերը սկսել են տանել բացատրական աշխատանքներ, որպեսզի պարզեն, թե որտեղ է գտնվում այդ քաղաքացին:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մինչ Արմավիրի և Վաղարշապատի ոստիկանապետերը կպարզեին քաղաքացու գտնվելու վայրը, նշված բաժինների մեծ թվով ոստիկաններ սկսել են հետախուզական աշխատանքներ կատարել Արմավիրի և Վաղարաշապատի վարչական տարածքներում, դրան հարակից գյուղերում գտնվող գերեզմանատներում՝ փնտրելով այդ քաղաքացուն:

Ի վերջո, Վաղարշապատի ոստիկաններին հաջողվել է պարզել, որ այդ քաղաքացին Արմավիրի մարզի Լեռնամերձ գյուղի բնակիչ, 43-ամյա Ռաշիդ Ամոյանն է, ում արդեն Վաղարշապատի ոստիկանապետի հեռախոսային բանակցությունների արդյունքում կարողացել են հայտնաբերել և հրավիրել ոստիկանության Վաղարշապատի բաժին:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ռ. Ամոյանը փորձել է թունաքիմիկատով դիմել ինքնասպանության, ինչը շնորհիվ Արմավիրի մարզի ոստիկաների՝ կանխվել է:

Գ. Շամշյանի տեղեկություներով՝ Ռ. Ամոյանը ոստիկաններին հայտնել է, որ ստիպված է դիմել այդ քայլին, քանի որ այս տարվա հունվարին Արագածոտնի մարզի Ոսկեհատ համայնքի համայնքապետ Գագիկ Սարգսյանը առանց իր և իր հարազատների համաձայնությունն ու թույլտվությունը ստանալու, վաճառել է իրենց ընտանեկան գերեզմանատան մի մասը, ինչից հետո անհայտ անձը հուղարկավորել է իր ազգականին:

Արդեն Վաղարշապատի ոստիկանությունում Ռ. Ամոյանը գյուղապետի դեմ բողոք է ներկայացրել, հայտարարելով, որ նա չարաշահել է պաշտոնական լիազորությունները:

Փաստի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նախապատրաստված նյութերը փոխանցվելու են ոստիկանության Արագածոտնի մարզային վարչություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել