Հասարակության ներսում առկա է, գոյություն ունի և կարծես խրախուսվում է գողական հարաբերությունների, պսևդոգողական պահելաձևի հասկացությունը, ենթամշակույթը և այն բնականաբար չէր կարող շրջանցել նաև բանակը:
Ես իմ ոստիկանական ծառայության երկար ու բազմաբնույթ գործունեության ընթացքում չեմ մտաբերում համանման իրավիճակ, երբ ոստիկանական կամ առավել ևս ՊՆ համակարգի որևէ զորամասում անբեկանելի և աներկբա հրամաններ արձակի և անհանդուրժողականության, ամենաթողության մթնոլորտ ստեղծի մի փսլնքոտ ու չկայացած անձ… Չենթարկվի հրամկազմի պահանջներին, իսկ սպայական ողջ կազմը հլու-հնազանդ ենթարկվի, հարմարվի գողական բարքերին, դրվածքին ու հասկացություններին:
Սա լուրջ և կարևոր խնդիր է, հղի այլ վտանգներով, այլ հեռանկարներով և իր հնարավոր շոշափուկներով, մետաստազներով կարող է ունենալ անցանկալի և վտանգավոր հետևանքներ…Հատկապես պատերազմական իրավիճակներում...
Ես որպես շարային մեծ ստորաբաժանման նախկին հրամանատար, իրավապահ համակարգում որոշակի փորձ ունեցող և բարձր պաշտոններ զբաղեցրած սպա, այսպիսի երևույթներին չանդրադառնալը, լռելը, չարձագանքելը, անուշադրության մատնելը և լղոզելու փորձերը համարում եմ հանցագործություն: Իմ գրեթե ողջ կենսագրության ընթացքում պայքարել եմ հանցագործ աշխարհի, գողական հասկացության, հանցագործ ենթամշակույթի ձևավորման դեմ և այսօր ցավ եմ ապրում նման լկտի պահելաձևի, ցուցադրական ամենաթողության և արտականոնադրական հարաբերությունների «գինարբուքի», հրամկազմի անզորության ականատեսը լինելով:
Այդ ողջ լկտիության գագաթնակետն իհարկե զորամասը դասալքած զինվորների բարձրաձայնած. «жизнь ворам, смерть мусорам» կարգախոսն է, որը կրիմինալ աշխարհի հարաբերությունների ենթամշակույթի այն լոզունգն է, որը սովորաբար կիրառվում է գողական պատերազմների ընթացքում: Փաստորեն այդ չկայացած սուբյեկտներն իրենց ներշնչել են, որ իրենք լուրջ գողական դեմքեր են, գողական տղերք, իսկ սպաները «մուսոռներ», և որ իրենք ինչ ուզեն կարող են անել…
Երբ ես գրառումներ էի արել այդ նույն զորամասում տարեսկզբին զոհված զինվորի մահվան դեպքը թաքցնելու վերաբերյալ, կարծես կանխազգում էի, որ դա նաև այդտեղ տիրող բարոյահոգեբանական վատառողջ մթնոլորտի հետևանքն է…
Ինչևէ, ցավալի է ու մտահոգիչ… Եվ ժամանակն է, որ նմանատիպ թեմաներով մասնագիտական, թեմատիկ քննարկումներ կազմակերպվեն և ամեն ինչ արվի արմատախիլ անելու, բացառելու համանման իրավիճակներն ու երևույթները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել