Yerkir.am-ը գրում է.

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Հայաստանում ուսանողների առջև դռներ փակած ռեկտորներ չեն լինելու» հայտարարության շուրջ զրուցել ենք «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության պատգամավոր, ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դասախոս Գևորգ Պետոսյանի հետ:

- Հետաքրքիր է՝ ինչպե՞ս եք վերաբերվում վարչապետ Փաշինյանի հայտարարությանը:

- Ռեկտորը, դեկանը, պրոռեկտորը համարվում են վարձու աշխատողներ և նրանց նկատմամբ ցանկացած կարգապահական միջոցառում, այդ թվում՝ պաշտոնից ազատելը, աշխատանքային օրենսդրության շրջանակներում պիտի տեղավորվի: Եթե ռեկտորը դռները փակել է, որ ակտիվիստները չներխուժեն համալսարան, որպեսզի կանխվի հավանական բախումը տարբեր հայացքների տեր երիտասարդների միջև, չեմ կարծում, որ դա հիմք է տվյալ ռեկտորից ազատվելու համար: Ի վերջո, մենք ռեկտորների աշխատանքը գնահատելու ավելի մեծ չափանիշներ ունենք, քան դռներ բացելն ու փակելը: Ես հիմա չեմ կարող ասել, թե Փաշինյանն ինչ է նկատի ունեցել, որ դեպքը, բայց երևույթին գնահատականս միանշանակ է` ռեկտորների հետ աշխատանքը չպիտի գնահատել մեխանիկական երևույթներով: Եթե տվյալ բուհի պրոֆեսորա-դասախոսական անձնակազմը կարողանում է ուսանողներին ներգրավել ուսումնական գործընթացի մեջ, ուսումնառության գործընթացը խախտումներով ու շեղումներով չի ընթանում, և տեսանելի է արդյունքը, բարձր պատրաստվածությունը, ապա չափելին հենց սրանք պետք է լինեն: Շատ ցածր աշխատավարձով աշխատող նվիրյալ դասախոսներ կան, որոնք տասնյակ տարիների դասավանդման փորձ ունեն, բայց այսօր ապրում են ծանր պայմաններում: Այ, եթե նույն բուհի ղեկավարությունը կարողանում է ճիշտ տնօրինել իր միջոցները, ուշադրության կենտրոնում պահել առաջնային հարցերն ու դրանց լուծումներ տալ, դա կլինի նրա աշխատանքի ամենալավ գնահատականը: Մի անգամ դուռ է  բացել կամ փակել, ուրեմն այդ ռեկտորն անելիք չունի... Այդպես չէ: Միայն դուռ փակելու համար այս կամ այն պաշտոնյային պաշտոնանկ անելը խելամիտ չէ:

- Նման հայտարարությունն արդյո՞ք բուհերը քաղաքականացնելու փորձ չէ, քաղաքականացված մի համակարգից մյուսին անցնելու միտում:

- Մեղադրական բաղադրիչ չդնեմ իմ պատասխանի մեջ ու ասեմ` այո, այ սա կոնկրետ Փաշինյանի կամ չգիտեմ ում կողմից քաղաքական վերադասավորումներ անելու փորձ է: Բայց մի բան կարող եմ ասել՝ պետք է լուծումները տրվեն այնքան խելամիտ, որ չստացվի, թե ջրից ելանք, ընկանք ջրհորը: Փառք Աստծո, արդեն իսկ համոզվում ենք, որ հավերժական իշխանություն գոյություն չունի: Ինչպես այս իշխանությունն է քննում նախորդների գործերը, այնպես էլ հաջորդ իշխանությունն է քննելու այսօրվա իշխանության գործերը: Այդ իսկ պատճառով ցանկացած իշխանություն պետք է գիտակցի դա ու վեր կանգնի ամբիցիաներից, տաքարյուն գործողություններից՝ հասկանալով, որ իր գործողությունները, ի վերջո, դառնալու են մեկ այլ իշխանության քննարկման առարկա:

- Համալսարանն անընդհատ ուշադրության կենտրոնում պահելն արդյո՞ք չի խաթարում կրթական պրոցեսը:

- Հանուն ճշմարտության` պետք է ասեմ, որ իրավագիտության ֆակուլտետում այդպիսի գործընթաց չեմ նկատել: Եթե նկատեի, ապա կահազանգեի` իմ սովորության համաձայն: Կոնկրետ մեր ֆակուլտետում այդ խնդիրը չկա, բայց դա չի նշանակում, որ երբևէ չի էլ լինելու: Հնարավոր է` այդ երևույթն այնքան տարածվի, որ արտացոլվի կոնկրետ ֆակուլտետի կամ ֆակուլտետների բնականոն աշխատանքի վրա: Կրթության ոլորտի պատասխանատուները շատ ավելի կարևոր հարցեր ունեն լուծելու: Թող բարի լինեն չմոռանալ իրենց բուն գործառույթները, նախընտրական խոստումներն ու ձեռնամուխ լինեն կրթության ոլորտում առկա հիմնախնդիրները հնարավորինս սեղմ ժամկետներում լուծելուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել