ԱՄՆ գործող վարչակազմի կողմից միջազգային իրավունքի նորմերով «բռնակցում» ճանաչված Գոլանի բարձունքներում Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչելու թեման դարձյալ լավագույնս օգտագործվում է Թուրքիայի կողմից:
Այդ երկրում ընթացող նախընտրական շրջանում առնվազն 3 արտաքին հիմնախնդիրներ՝ իսրայելապաղեստինյան հակամարտության, Նոր Զելանդիայի ահաբեկչության, Գոլանի բարձունքների թեմաները Ռ.Թ. Էրդողանի համար քարոզչական ընծա էին հատկապես համամուսուլմանական հավակնությունները հերթական անգամ դրսևորելու առումով:
Իսկ Գոլանի բարձունքների վերաբերյալ Անկարայի բավական կոշտ արձագանքը, ինչպես նաև Էրդողանի շուրթերով հայտարարված ՄԱԿ-ում խնդրի բարձրացման հնարավորությունը կարևոր հաղթաթուղթ է Թուրքիայի համար սիրիական հակամարտության շրջանակներում մի շարք կարևոր խնդիրներ լուծելու տեսանկյունից:
1. Նախ՝ Թուրքիան, հայտնի ասույթի բովանդակությանը համապատասխան, «Հռոմի պապից ավելի կաթոլիկ գտնվելու» տրամաբանությամբ, փաստացի ունենալով ոչ բարեկամական հարաբերություններ Դամասկոսի հետ, առավել առարկայական քայլեր է իրականացնում՝ ի աջակցություն Սիրիայի, քան, ասենք, անգամ Բաշար ալ-Ասադի վարչակարգի դաշնակիցները:
2. Նման կերպ, հատկապես հաշվի առնելով Իսրայելի գործոնը, կրկին վերահաստատում է մուսուլմանական աշխարհում սեփական հավակնությունները, ընդ որում՝ բոլոր հնարավոր ճակատներում:
3. Չափազանց կարևոր է այն իրողությունը, որ Սիրիայի համար նման զգացական թեմայի շահարկմամբ Անկարան կարող է դրականորեն ազդել այդ երկրի բնակչության տարբեր շերտերի վրա: Այս ուղղությունը հատկապես առարկայական է այն առումով, որ ճգնաժամի ողջ ընթացքում Թուրքիան տարածաշրջանի մի շարք արաբական երկրների և արևմտյան պետությունների հետ միասին թշնամու կերպար էր ստացել սիրիական հասարակության ընկալումներում: