84-ամյա Կառլեն Աղեկյանի մանկությունն Օձունում է անցել, ու նրա մանկական հուշերն էլ մեծ մասամբ կապված են Օձունի Սուրբ Մ.Աստվածածին եկեղեցու հետ:

Տարիներն անցել են եւ իրենց հետքը թողել թե Կառլենի, եւ թե եկեղեցու վրա:Այժմ արդեն Կառլենն ուժերի ներածին չափով իր համագյուղացիներից շատերի նման մասնակցում է եկեղեցում ընթացող շինարարական աշխատանքներին:

Այս պահին ամրակայման աշխատանքներ են կատարվում եկեղեցու հյուսիսային ճակատում: Արտաքին տեսքը նախնական վիճակում է պահպանվում, նույնիսկ եղած ճաքերը չեն վերացվում, այլ դրանց մեջ կրաշաղախ է ներարկվում: Շինարարությունում այս պահին աշխատում է 4 մարդ, սակայն Օձունի հոգեւոր հովիվ տեր Վրթանես քահանա Բաղալյանը նշում է, որ աշխատողների քանակը դրանով չի սահմանափակվում: Աշխատողների մեծ մասը շինհրապարակում չեն երեւում, նրանցից շատերն աշխատում են քարհանքում եւ ամեն ինչ անում են, որ եկեղեցու տարածքում շինարարական աղբ չառաջանա, քանի որ այդ ամբողջ ընթացքում եկեղեցին նաեւ մեծ թվով այցելուներ է ունենում:

Այցելուների ու զբոսաշրջիկների թվում Օձունի Սուրբ Մ. Աստվածածին եկեղեցի են այցելում նաեւ տարբեր մասնագետներ, ովքեր իրենց կարծիքն են արտահայտում կատարվող շինարարական աշխատանքների շուրջ: Վանո Դանոյանը ժամանակին հուշարձանների պահպանության գիտավերականգնման արհեստանոցում զբաղվել է փայտարվեստի վերականգնման գործով: Նա այն կարծիքին է, որ առայժմ պետք չէ դիպչել պատմական արժեք ներկայացնող այն բոլոր եկեղեցիներին, որոնք դեռեւս կանգուն են, պետք է նախեւառաջ համապատասխան մասնագետների համար դպրոց ստեղծել:

Ի դեպ, Օձունի եկեղեցու շինարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են նաեւ մի շարք հետաքրքիր ու արժեքավոր գտածոներ, որոնք այս պահին գտնվում են եկեղեցու ներսում: Դրանց մի մասը տեր Վրթանես քահանա Բաղալյանն առանձին սենյակում է պահում: Նա նպատակ ունի հետագայում եկեղեցու բակում մի փոքրիկ անկյուն ստեղծել` դրանք ցուցադրելու համար:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել