Հարգելի ՀՀ քաղաքացիներ,
Երեկ «Հայկական առողջապահական ազգային խորհուրդ» ՔՀԿ կոալիցիան դիմել է ՀՀ Ազգային ժողովի նախագահին, Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահին, ինչպես նաև բոլոր խմբակցությունների ղեկավարներին Գարդասիլով պատվաստումների վերաբերյալ լսումներ կազմակերպելու խնդրանքով, և այդ հայտարարությունն ուղարկվել էր նաև բոլոր լրատվական միջոցներին լուսաբանման նպատակով:
Երեկ երեկոյան տեղեկացա, որ ՀՀ առողջապահության նախարարությունը և «ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը «անդրադարձ» են կատարել մեր կողմից կատարած հայտարարությանը:
Ուզում եմ սկսել նրանից, որ հորդորեմ վերը նշված պետական կառույցների ղեկավարներին ավելի հետևողական և ուշադիր լինել և չաղավաղել ու չխեղաթյուրել իրականությունը, քանի որ դիմումը եղել է ոչ միայն ՀՀ ԱԺ նախագահին, այլ նաև բոլոր խմբակցությունների ղեկավարներին, ինչպես նաև Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահին:
Պատվաստանյութի կիրառումը 13 տարեկան աղջիկների շրջանում Հայաստանի Հանրապետության պատվաստումների օրացույցում ընդգրկման օրից ընթացել է իրարամերժ բանավեճերի ուղեկցությամբ, այդ պատճառով պատվաստում ստացել են նախատեսվածից անհամեմատ քիչ աղջիկներ: Վերջերս պատվաստմանը ենթակա անձանց տարիքային խումբն ընդլայնվել է, ինչը հանգեցրել է համացանցում և լրատվական դաշտում այդ գործընթացի հակացուցումների մասին հրապարակումների մեծ քանակի հայտնվելուն: Կասկածելի է նաև այն փաստը, որ վերը նշված պետական կառույցների կողմից փորձ է արվում Գարդասիլ-9 պատվաստանյութի որոշ բնութագրական տվյալներ ներկայացնել Գարդասիլ-4 պատվաստանյութի բնութագրական տվյալների ցանկում, ինչի մասին վկայող փաստերի շարքում ուզում եմ առանձնացնել «անդրադարձում» տեղ գտած հետևյալ պնդումը, որ Գարդասիլ պատվաստանյութի արդյունավետությունը համարժեք է Գարդասիլ-9 պատվաստանյութի արդյունավետությանը, քանի որ այդ պատվաստանյութերը արտադրված են միանման և կանխարգելում են ՄՊՎ-ի նույն 4 շճատիպերը», սակայն նշած չէ, որ Գարդասիլ-9 պատվաստանյութը ազդում է ոչ թե 4 այլ 9 շճատիպերի վրա:
Հաշվի առնելով հանրային հնչեղություն ստացած այս խնդիրները՝ «Հայկական առողջապահական ազգային խորհուրդը» դիմել է լսումներ կազմակերպելու համար, որպեսզի փարատի հանրության մեջ տեղ գտած երկմտանքը և իրարամերժ կարծիքները, սակայն ոլորտային պետական կառույցները լսումների ընթացքում իրենց առաջարկած պատվաստանյութի անվտանգությունը և արդյունավետությունն ապացուցելու պատրաստակամության փոխարեն հերթական անգամ հեգնող «անդրադարձ» են հրապարակում:
Շարունակելով քննարկել «անդրադարձը»՝ հարկ եմ համարում քննարկման առարկա դարձնել այդ տեքստում տեղ գտած հետևյալ դրույթը․ «…13 տարեկան անձանց շրջանում ՄՊՎ-ի դեմ պատվաստումները կրում են պլանային բնույթ, իսկ ավելի բարձր տարիքային խմբերում առաջարկվող ՄՊՎ-ի դեմ պատվաստումներն իրականացվում են համաճարակաբանական ցուցումով՝ նպատակ ունենալով նաև ավելի բարձր տարիքի անձանց շրջանում՝ որպես ռիսկի խումբ, նվազեցնել վիրուսի շրջանառությունը»:
Արդյո՞ք Հայասանի Հանրապետությունում մարդու պապիլոմա վիրուսի համաճարակ է գրանցված:
Արդյո՞ք իրականացված են սկրինինգային հետազոտություններ:
Եթե համաճարակ գրանցված է, ապա այդ փաստը թաքցնելը, մեղմ ասած, ճիշտ չէ, իսկ եթե չկա համաճարակ, ապա պատասխանատու պետական կառույցներն իրենց ծրագիրն իրականացնելու համար փաստաթղթեր են հարմարեցնում և ժողովրդին ստելով պատվաստում են:
ՀՀ առողջապահության նախարարության և «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի «անդրադարձի» մեջ նշված՝ 194 Ա հրամանը, որին հղում է կատարվում, տեղադրված չէ ոչ ՀՀ առողջապահության նախարարության էջում, ոչ էլ Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգում, ինչն0 արդեն ազդարարում է ոչ թափանցիկ գործունեության մասին:
ՀԳ. Ի վերջո, պետք չէ պետական կառույցների պաշտոնական անդրադարձը համեմված լինի «սոուսներով» և կորցնի իր արժեքը: Դա ձեր տատիկի բոստանը չէ, ոչ էլ ձեր դուքյանն է, դրանք պետական կառույցներ են, և պետք չէ անլրջացնել այդ կառույցները՝ անդրադարձի մեջ նշելով ոմանց նոսր բառապաշարից ծաղկաքաղ արած արտահայտություններ: Լրջացեք և կատարեք ձեր պարտականությունները:
Հարգանքով՝
«Հայկական առողջապահական ազգային խորհորդ»
ՔՀԿ կոալիցիայի նախագահ
Գևորգ Գրիգորյան