Armenpress.am-ը գրում է.

Հայաստանի և Եվրոպական միության միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագրի ճանապարհային քարտեզը կհաստատվի հունիսին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային ժողովում արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Ավետ Ադոնցը:

«Ճանապարհային քարտեզը հիմա լրամշակվում է, համաձայնեցման գործընթացում է գտնվում: Այն պետք է հաստատվի հստակ հունիսին ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի ժամանակ»,-ասաց փոխնախարարը:

Նրա խոսքով՝ դրանից հետո սկսվելու է դրա իրագործումը:

Հայաստանի և Եվրոպական Միության միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին: Հայաստանի Ազգային ժողովը համաձայնագիրը վավերացրել է 2018-ի ապրիլի 11-ին: Եվրամիության անդամ 28 երկրից Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը, Բուլղարիան, Լյուքսեմբուրգը, Միացյալ Թագավորությունը, Ռումինիան, Մալթան և Դանիան արդեն վավերացրել են Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործունեության համաձայնագիրը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել