Շուրջ 2 ամիս առաջ Վանաձորի Կ. Դեմիրճյան փողոցը կարկատանային ասֆալտապատման ենթարկվեց. չնայած 2012թ. աշնանը այն կրկին կարկատանապատվել էր: Այս տարվա գարնանն էլ կառավարությունը 300 միլիոն դրամ հատկացրեց ասֆալտապատման նպատակով: Տիգրան Մեծ պողոտայում ասֆալտապատմանը նախորդեցին ու դեռ ընթացքի մեջ են ջրատարների նորոգման հետ կապված աշխատանքները: Բայց, որքան էլ տարօրինակ է, Կ. Դեմիրճյան փողոցում պատկերը ճիշտ հակառակն է. նախ ՝ կարկատանային ասֆալտապատում արեցին (ընդ որում՝ անձրեւային եղանակին, ինչպես Գյումրիում էին արել), իսկ հիմա սկսել են մայթեզրի ուղղությամբ փողոցը քանդել՝ ջրատարների նորոգման, թե փոփոխման պատճառաբանությամբ: Հունիսի 15-ին՝ շաբաթ օրը, վաղ առավոտից, երբ ՀՀ բացառիկ երջանիկ խավը՝ աշխատավորությունը, թվում է, թե ունի «հանգստի իրավունք», Կ. Դեմիրճյան փողոցում հռնդյունով բուլդոզեր էր աշխատում՝ քնաթաթախ մարդկանց զարմանքը հարուցելով. «Ախր նոր են ասֆալտ քաշել, էլի քանդո՞ւմ են»: Եթե նկատի ունենանք, որ 1 ամսից ավելի է՝ Տիգրան Մեծի վրա դեռ «բզբզում» է քանդող-սարքող բրիգադը, ենթադրվում է, թե առնվազն մեկ ամիս էլ Կ. Դեմիրճյան փողոցում «կբզբզան» քանդաշինարարները, որից հետո, լավագույն դեպքում, մի կերպ ինչ-որ դարուփոսատիպի կփակեն փորածը: Չէ՞ որ հաճախ է ջրմուղն այսուայնտեղ վթարային աշխատանքներ տանում ու այդպես էլ թողնում կամ «գլխառադ» ասֆալտ անում: Օրինակ՝ Տերյան փողոցի սկզբնամասում՝ զինմասի հարեւանությամբ, 1 տարի առաջ փառավոր քանդեցին՝ ջրի վթարի հետ կապված, ու մի քանի շաբաթ անց միայն մի «գլխառադ» կարկատան արեցին ՝ առանց այդ էլ տարիներով ասֆալտ չտեսած, քարուքանդ եղած մայթին: Սա միակ թերությունը չէ այս եւ քաղաքի այլ հատվածներում, ուր շարունակում են անցորդների համար լուրջ վտանգ հանդիսանալ բաց դիտահորերը: Երկաթուղայինների այգու դիմաց՝ Կ.Դեմիրճյան 30 շենքի հանդիպակաց մայթեզրի մոտ, ժամանակ առ ժամանակ դիտահորը բացվում ու այդպես բաց մնում է՝ այգու քարուքանդ մայթի պատճառով ավտոճանապարհը որպես «այլընտրանք» ընդունող անցորդների համար վտանգ հանդիսանալով: Մեզ հաջողվեց պարզել, որ դիտահորը բացելու պատճառն այն է, որ անձրեւներից հետո մոտակա սրճարանը ջուր է լցվում, որ կանխվում է միայն դիտահորը բացելուց հետո («Հեղնար աղբյուրի» հրաշքն է ՝ վանաձորյան տարբերակով): Ինչ վերաբերում է ասֆալտը քանդել-թափելուն, ապա ենթադրվում է, թե մի օր էլ «Լաչինի միջանցքի» «նորաթուխ» ասֆալտն են կրկին քանդելու, քանի որ 20 տարի ասֆալտի երես չտեսած, հավերժական ջրերի մեջ գտնվող առեւտրի այդ բացօթյա վայրն, ի վերջո, անցած աշնանն ասֆալտապատեցին (ՏԻՄ ընտրություններին ընդառաջ), բայց ՝ արեւային օրերին անգամ այդտեղ երբեմն ջրային հոսքեր են լինում, ինչն առաջացնում է այդ տարածքով անցնողների դժգոհությունը. «Ասֆալտն արեցին՝ էլի էս փողոցը խելքի չեկավ»: Ակամա հիշում ենք, թե ինչպես էր «Լաչինի միջանցքի» ասֆալտապատումից ոգեւորվածներին շտապում հիասթափեցնել մի վանաձորցի. «Հա բայց ի՞նչ օգուտ, որ ասֆալտն արել են, ջրահեռացումը չեն արել»: Այս ամենը, թերեւս, հետեւանք է այն բանի, որ ջրմուղն ու քաղաքապետարանը համակցված չեն աշխատում, տարբեր կառույցներ են, ջրմուղը չունի քաղաքապետարանի ենթակայություն. թեպետ՝ 2 տիրոջ ծառա է. մի տերը տարածքային նախարարության ջրային ռեսուրսների պետական կոմիտեն է, մյուս տերը՝ գերմանացիները՝ սեփականատիրոջ իրավունքով: Ահա այսպիսի «համայնքային կառավարում է», որի պայմաններում տուժում է պետական ու համայնքային բյուջեն: Դրանից էլ մեծ վնա՞ս բյուջեին, երբ նախ ասֆալտում են, հետո՝ քանդում, ջրատար փոխում ու լավագույն դեպքում նորից ասֆալտում: 3-րդ տարբերակն էլ կա. ասֆալտը քանդում են, հեռախոսի կաբել փոխում ու այդպես էլ թողնում կամ «թումբուփոսախառն» փակում: